‘
Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկա պահին Ադրբեջանի հետ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործման վերաբերյալ բանակցություններ չի վարում, BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից:
Իր հերթին, Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ Բաքվի եւ Մոսկվայի միջեւ ռազմական գերատեսչությունների մակարդակով համագործակցությունը շարունակվում է:
«Գաբալայի ՌՏԿ-ի գույքը պատկանում է Ռուսաստանին: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս հանի բոլոր սարքավորումները, մենք հանձնում-ընդունում կանենք», — ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն:
Նա նշել է, որ ՌՏԿ-ի հետագա ճակատագրի հարցը Ադրբեջանի իշխանությունների որոշելիքն է:
«ՌՏԿ-ը մեծ տարածք է զբաղեցնում: Գաբալան արդեն կուրորտային գոտու է վերածվում: Հնարավոր է, որ տարածն օգտագործվի նաեւ այդ նպատակներով», — ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Անցյալ տարի հայտնի դարձավ, որ Գաբալայի կայանի շահագործումը երկարաձգելու համար Ադրբեջանը մինչ այդ Ռուսաստանի կողմից տարեկան վճարվող 7 միլիոն դոլարի փոխարեն 300 միլիոն դոլար է պահանջում: Ռուսաստանի կողմից ՌՏԿ շահագործման պայմանագրի ժամկետը լրացել է դեկտեմբերի 9-ին: Ռուսաստանը պայմանագիրը երկարաձգելու մտադրություն չի հայտնել:
Նշենք, որ այս տարվա ապրիլին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանը պատրաստ է քննարկել նման կայան իր տարածքում կառուցելու հարցը: Նա անգամ շեշտել էր, որ Հայաստանում այն կառուցելը ավելի ձեռնտու կլինի, քանի որ մեր երկիրը լեռնային է, եւ կայանի ծածկույթը կարող է ավելի լայն լինել:
Իսկ նախօրեին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, թե բացառված չէ, որ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ Հայաստանում նոր ՌՏԿ կառուցելու մասին համաձայնագիր ստորագրվի:
‘