‘ԱՄՆ-ը Գրիգորի Լեպսին մեղադրում է մաֆիայի հետ կապերի մեջ’

940

ԱՄՆ-ը ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսին կասկածում է մաֆիայի հետ կապերի մեջ և նրան ընդգրկել է ամերիկյան ֆինանսների նախարարության «սև ցուցակում»: Առաջիկայում երգչի ամերիկյան բոլոր ակտիվները կսառեցվեն, իսկ Միացյալ Նահանգներում բնակվող անձանց կարգելվի նրա հետ գործնական հարաբերություններ ունենալ: Լեպսից բացի՝ ցուցակում են հայտնվել ևս հինգ քաղաքացիներ՝ Արթուր Բադալյանը, Վադիմ Լյալինը, Սերգեյ Մոսկալենկոն, Յակով Ռիբալսկին և Իգոր Շլիկովը: Ըստ ֆինանսական  գերատեսչության տարածած հայտարարության՝ Լյալինը և Շլիկովը Ռուսաստանի քաղաքացիներ են, Մոսկալենկոն՝ Ուզբեկստանի, Ռիբալսկին՝ Իսրայելի: Բադալյանի և Լեպսվերիձեի (Լեպսի) քաղաքացիությունը չի նշվում, սակայն վերջինիս բնակության վայրը նշված է Թաիլանդը: Այս բոլոր անձինք կասկածվում են Brothers Circle («Братский круг») եվրասիական հանցավոր սինդիկատին պատկանելու մեջ, որը գործում է Եվրոպայի, Միջին Ասիայի, Լատինական Ամերիկայի և ԱՄՆ-ի տարածքներում: Սինդիկատն զբաղվում է թմրանյութերի առևտրով, և նրա գործունեությունը հիմնականում վերահսկում են նախկին Խորհրդային Միության երկրների հանցավոր խմբավորումների անդամները: 2011 թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ կազմակերպությունն ընդգրկել էր անդրազգային հանցավոր խմբավորումների ցանկում և ֆինանսների նախարարությանը հանձնարարել «խոչընդոտել  և խափանել նրանց քրեական գործողությունները»:

Լեպսին կասկածում են Վլադիսլավ Լեոնտևի և Գաֆուր Ռահիմովի հետ կապերի մեջ, որոնք համարվում են հանցախմբերի անդամներ և 2012 թ. փետրվարից ԱՄՆ-ի պատժիչ ցուցակներում են: Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Լեպսը «հանդես է գալիս Լենոնտևի անունից գումարներ տեղափոխողի դերում»:

Ի դեպ, Գրիգորի Լեպսը ռուսաստանցի առաջին հայտնի երգիչը չէ, որ ընդգրկվել է ամերիկայն «սև ցուցակում»՝ մաֆիայի հետ կապեր ունենալու կասկածանքով: 1995 թ. մայիսին ամերիկյան իշխանությունները ԱՄՆ մուտք գործելու իրավունքից զրկել են Իոսիֆ Կոբզոնին ևս, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ «Վճարում ենք 100 դրամ» շարժման հայտարարությունը’
Հաջորդ հոդվածը‘Անսիի փառատոնի տնօրեն. Կոտրվում է այն կարծրատիպը, թե անիմացիան պետք է լինի միայն մանկական’