‘ԱՄՆ-ը եւ Եվրոպան չեն պահանջում Բելգրադից ճանաչել Կոսովոյի անկախությունը’

661

ԱՄՆ-ը եւ Եվրոպական միությունը չեն պահանջում Բելգրադից ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ըստ РИА-Новости-ի, երեքշաբթի այս մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը: Նրանք համատեղ այցով գտնվում են Բելգրադում, որտեղ բանակցություններ են ընթացել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի եւ վարչապետ Իվիցա Դաչիչի հետ:

«ԱՄՆ-ը կոչ է անում բոլոր հակամարտող կողմերին գործի դնել բոլոր պայմանավորվածությունները եւ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարել: Մենք չենք պահանջում Սերբիայից ճանաչել Կոսովոն, քանի որ հասկանում ենք դրան խոչընդոտող սահմանադրական եւ քաղաքական արգելքները», — հայտարարել է Քլինթոնը:

Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանցիները 2008-ի փետրվարին ԱՄՆ-ի եւ ԵՄ աջակցությամբ Սերբիայից անկախություն են հռչակել:  

Միեւնույն ժամանակ, պետքարտուղարի խոսքերով, ԱՄՆ-ը շարունակում է Կոսովոն անկախ պետություն համարել, որի սահմանները փոփոխման ենթակա չեն:

Ինչ վերաբերում է Կոսովոյում ապրող սերբերին, ապա, ըստ Հիլարի Քլինթոնի, նրանք «Կոսովոյի կազմում պետք է լիակատար աջակցություն եւ Սերբիայի հետ կապերի հնարավորություն ունենան»:

«Մենք այստեղ չենք եկել վերահսկողություն սահմանելու եւ պայմաններ դնելու, որովհետեւ այդպիսիք չկան: Սերբիայի ապագան նրա ձեռքերում է, բայց այդ ապագան մտահոգում է ԱՄՆ-ին, եւ մենք անտարբեր չենք  երիտասարդ եւ խելացի մարդկանց ճակատագրի նկատմամբ», — եզրափակել է Քլինթոնը:

 

Նախորդ հոդվածը‘Իսրայելի վարչապետ. Իրանի դեմ հարվածները բխում են արաբական աշխարհի շահերից ‘
Հաջորդ հոդվածը‘Դոմենիկ Սթրոս-Կանն իր անձնական կյանքին միջամտելու համար փոխհատուցում կստանա ‘