‘ԱՄՆ-ը ծովային հետևակայիններ կուղարկի Իրաք’

1052

ԱՄՆ-ը մեծացնում է Իրաքում ամերիկյան դեսպանատան պաշտպանությունն իրականացնող ծովային հետևակայինների թվաքանակը՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական խմբավորման գրոհայինների՝ մայրաքաղաի վրա հարձակվելու կապակցությամբ, հաղորդել է NBC հեռուստատեսությունը՝ հղում անելով Պենտագոնին:

Ամերիկյան պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած հանգստյան օրերին դեսպանատան պաշտպանական ուժերն ավելացվել են 170-ով, ևս 100 մարդ կուղարկվի Բաղդադ: Նախագահ Բարաք Օբաման, իր հերթին, հայտարարել է, որ ամերիկյան դեսպանատան անվտանգությունն ապահովելու նպատակով կարող են Բաղդադ ուղարկվել մինչև 275 զինվորականներ, փոխանցում է Associated Press-ը: Օբաման արդեն այդ մասին հայտնել է կոնգրեսի անդամներին՝ նաև նրանց հավաստիացնելով, թե ամերիկացի զինվորները չեն մասնակցի Իրաքում ռազմական գործողություններին:

Բացի այդ՝ Սպիտակ տունը քննարկում է հատուկ նշանակության ուժեր Իրաք մտցնելու հնարավորությունը: Հիմնական ուշադրությունը կսևեռվի իրաքցի զինվորականների պատրաստման և հրահանգման ուղղությամբ:

Մինչ այդ՝ պետդեպը որոշում է կայացրել իր դեսպանատան աշխատակիցների մի մասին տարհանել Իրաքից: Անձնակազմի մի մասը Բաղդադից կտեղափոխվի ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարաններ:  Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Բելգիա-Ալժիր. Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը կրկին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր ‘