ԱՄՆ իշխանությունները դրական կհամարեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը Քսանի խմբի գագաթնաժողովին Նյու Դելիում։
Այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Մեր կարծիքով՝ ամեն անգամ, երբ նախագահ Զելենսկին հնարավորություն է ունենում հանդես գալու ինչ-որ կազմակերպությունում կամ մարդկանց խմբի առջև, դա դրական դեր է խաղում»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյո՞ք ամերիկյան կողմը հիասթափված է, որ Զելենսկին չի հրավիրվել գագաթնաժողովին։
G20 գագաթնաժողովը Նյու Դելիում կանցկացվի սեպտեմբերի 9-10-ին առկա ձևաչափով։ Գագաթնաժողովին հրավիրված են Քսանի խմբի բոլոր երկրների առաջնորդները, ինչպես նաև ևս ինը պետությունների ղեկավարներ (Բանգլադեշ, Եգիպտոս, Իսպանիա, Մավրիկիոս, Նիգերիա, Նիդեռլանդներ, ԱՄԷ, Օման և Սինգապուր)։
Փոխանցում է tass.ru-ն։