‘
ԱՄՆ-ն նախատեսում է սկսել արմատական «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական նավթամուղների ռմբակոծությունը, որպեսզի սահմանափակի նավթի վաճառքից գրոհայինների ստացած եկամուտները:
«Օրական երկու միլիոն դոլար եկամուտը, որը, ենթադրաբար, ստանում են գրոհայինները նավթի վաճառքից, ԱՄՆ-ի անհանգստության հիմնական պատճառներից մեկն է, իսկ օդային հարվածներ հասցնելը խելամիտ որոշում է: Մենք պետք է կրճատենք նրանց հնարավորությունները և, ի վերջո, ոչնչացնենք նրանց եկամուտի աղբյուրները», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Ջուլիետա Վալ Նոյեսը Լոնդոն կատարած այցի ընթացքում:
Ինչպես հաղորդել է Independent-ը, ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիան արդեն սահմանափակ օդային հարվածներ է հասցրել նավթամշակման ոչ մեծ գործարաններին:
Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի երկրների ռազմական վերլուծական ինստիտուտի փորձագետ Թեոդոր Կարասիկը РИА Новости-ին հաղորդել է, որ «Իսլամական պետությունը» նավթն ուղարկում է Թուրքիայի և Կիպրոսի իր միջնորդներին՝ այն Արևելյան Եվրոպայի երկրներ տեղափոխելու համար: Կարասիկի խոսքով՝ ձմեռվա ցրտերի գալով՝ հավանական է, որ մաքսանենգ նավթի գինը սև շուկայում կբարձրանա՝ մեկ բարելի դիմաց 30 դոլարից հասնելով 60-ի, ինչը նույնպես կմեծացնի ԻՊ-ի եկամուտները:
‘