‘
ԱՄՆ-ը Գերմանիային է արտահանձնել նացիստական համակենտրոնացման ճամբարի նախկին վերակացու, 95-ամյա Յակով Պալիին, տեղեկացնում է ԱՄՆ արդարադատության կայքը:
Յակով Պալին 2003 թվականից զրկվել է ամերիկյան քաղաքացիությունից: Անցյալում նա ԱՄՆ-ում հայտնվել է որպես փախստական:
Տարիներ շարունակ Գերմանիան հրաժարվում էր նրան թույլ տալ մտնել իր տարածք, քանի որ Յակով Պալին ոչ թե գերմանացի է, այլ էթնիկ ուկրաինացի: Նա ԱՄՆ է մեկնել 1949 թ. և քաղաքացիություն ստացել 1957-ին՝ թաքցնելով իր համագործակցությունը նացիստական իշխանությունների հետ:
2003 թ. հայտնի է դարձել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա վերակացու է աշխատել օկուպացված Լեհաստանի «Տրավնիկի» համակենտրոնացման ճամբարում:
Ենթադրվում է, որ նա ԱՄՆ-ում ապրող վերջին կոլլաբորացիոնիստն է:
Գերմանական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ Դյուսելդորֆ հասնելուց հետո նրան կուղարկեն ծերանոց:
Փոխանցում է BBC-ն:
‘