‘
ԱՄՆ ռազմածովային ուժերը Սիրիայի ափամերձ տարածք են ուղարկել թվով չորրորդ ռազմանավը, որը զինված է թևավոր հրթիռներով, հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին: Ինչպես հայտարարել է ամերիկացի զինվորական պաշտոնյան, Միջերկրական ծովում ռազմածովային խմբավորման ուժեղացումը պայմանավորված է Սիրիայի քաղաքացիական պատերազմի թեժացմամբ: Միևնույն ժամանակ, ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՌԾՈՒ-ն Սիրիայի դեմ որևէ ռազմական գործողություն սկսելու հրաման չի ստացել: ԱՄՆ իշխանությունները զանազան տարբերակներ են մշակում՝ եթե հաստատվեն խաղաղ բնակչության դեմ Սիրիայի կառավարական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ եթե այդ տեղեկությունները հաստատվեն, «Ամերիկան նման իրավիճակն անուշադրության չի մատնի»: Ամերիկյան մամուլի հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ իշխանության օղակներում տարաձայնություններ կան սիրիական հակամարտության ռազմական միջամտության հարցի շուրջ, փոխանցում է BBC-ն:
‘