‘ԱՄՆ-ը չի հաստատում ԻՊ ռազմական ղեկավարի մահվան լուրը’

1197

Իրաքի պաշտպանության նախարարությունը BBC-ին տեղեկացրել է, որ «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը՝ Աբդուլ Ռահման Մուստաֆա Մոհամեդը, որ հայտնի է նաև Աբու Ալաա Աֆրի անունով, սպանվել է ԱՄՆ գլխավորած դաշինքի ավիագրոհի ժամանակ:

Պենտագոնը հայտարարել է, որ տեղյակ է այդ հաղորդումներին, սակայն չի կարող հաստատել դրանք:

Աբու Ալաա Աֆրին համարվում է երկրորդ մարդը «Իսլամական պետության» հիերարխիայում:

Ինչպես Իրաքից հաղորդել է Reuters գործակալության թղթակիցը՝ այժմ հնարավոր չէ անկախ հաստատում ստանալ Աբու Ալաա Աֆրիի մահվան վերաբերյալ: Իրաքի իշխանությունները բազմիցս հաղորդել են ԻՊ-ի դաշտային հրամանատարների մահվան լուրեր, որոնք միշտ չէ, որ հաստատվել են:

Վերջին շաբաթներին չհաստատված տեղեկություններ էին հայտնվում, թե Աբու Աֆրին ստանձնել է ԻՊ-ի ռազմական գործողությունների ժամանակավոր ղեկավարումը:

Ավելի վաղ Իրաքի անվտանգության մարմինների  աղբյուրը հաղորդել էր, թե ԻՊ պաշտոնական պարագլուխ Աբու Բաքր Բաղդադին մարտ ամսին ավիահարվածի արդյունքում ծանր վիրավորվել է Իրաքի հյուսիսում և մի կողմ է քաշվել գործերից:  

Մայիսի 5-ին ԱՄՆ իշխանությունները ընդհանուր առմամբ 20 մլն դոլար պարգև են խոստացել «Իսլամական պետություն» խմբավորման չորս ղեկավարների մասին տեղեկատվություն տրամադրելու համար: Իսկ վերջերս ԱՄՆ պետքարտուղարությունը յոթ միլիոն դոլար է խոստացել Աբու Ռահման Մուստաֆա Քադուլի անունով մարդու մասին տեղեկություն տրամադրելու դիմաց: Իրաքի անվտանգության ծառայությունները նրան նույնացրել են Աբու Ալաա Աֆրիի հետ:

Բաղդադում BBC-ի թղթակցի փոխանցմամբ՝ եթե Աբու Ալաա Աֆրիի մահվան լուրը հաստատվի, ապա դա ևս մի լուրջ հարված կլինի «Իսլամական պետությանը», որի ղեկավար կազմից շատերն են զոհվել վերջին ամիսներին:

Անցյալ տարի Աբդուլ Ռահման Մուստաֆա Քադուլին ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակում, որը հրապարակում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նախորդ հոդվածը‘Ավետիսյանների ընտանիքի որոշ անդամներ դիմադրություն են ցույց տվել’
Հաջորդ հոդվածը‘Կանադայի Սենատը հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը’