‘
Ամերիկյան հակադոպինգային գործակալության ղեկավար Տրևիս Տայգարտը ՖԻՖԱ-ից պահանջել է ստուգել, թե արդյոք ռուս ֆուտբոլիստները խթանիչներ չե՞ն օգտագործել, հաղորդում է The Telegraph-ը։
Տայգարտը «արտակարգ ցուցանիշներով» է անվանել Ռուսաստանի հավաքականի մեկնարկը, որտեղ Ստանիսլավ Չերչեսովի թիմը ջախջախեց Սաուդյան Արաբիային (5-0), հաղթեց Եգիպտոսին (3-1) և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։ Ամերիկացու կարծիքով անհրաժեշտ է ստուգել Ռուսաստանի հավաքականին՝ համոզվելու համար, որ Մունդիալն ազնիվ է ընթանում։
Բրիտանական The Telegraph պարբերականը հարցում է կատարել ՖԻՖԱ-ին՝ խաղացողների խթանիչային թեսթերի վերաբերյալ, սակայն կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել այն տեղեկությունը, թե արդյոք ԱԱ-2018-ի ժամանակ իր աշխատակիցները լրացուցիչ թեսթեր անցկացրե՞լ են Ռուսաստանի հավաքականում։
Ռուսաստանի հավաքականի բժիշկ Էդուարդ Բեզուգլովը նշել է, որ այս տարի Չերչեսովի թիմի խաղացողները նվազագույնը երկու անգամ ավելի շատ դոպինգ թեսթ են անցել, քան Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները։
-Մենք էլ կցանկանայինք իմանալ, թե քանի անգամ են ստուգել անգլիացիներին։ Բայց ՖԻՖԱ-ն երբեք չի պատասխանում այդպիսի հարցումներին։ Բայց մենք կարող ենք բավարարել անգլիացի լրագրողների հետաքրքրությունը. երկու հավաքի ընթացքում թիմի ֆուտբոլիստները ՖԻՖԱ-ի գծով ավելի քան 120 նմուշ են հանձնել։ Պատրաստ եմ գրազ գալ, որ սա երկու անգամ ավելի է, քան Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներինը։
‘