‘
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի շուրջ երաշխիքները որպես հիմք ընդունել Իրանի հարցի լուծման փոխզիջումային տարբերակներ փնտրելու ճանապարհին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ը նախընտրում է այս հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել: Եթե Իրանի առաջնորդները հայտարարում են, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ապա հարցի դիվանագիտական լուծման նախադրյալներ կան: Եվ այդ լուծումը Իրանին խաղաղ ատոմ և էներգետիկա կտա, ինչպես նաև վերջնականապես կփարատի միջուկային ծրագրի նպատակին առնչվող բոլոր կասկածները»,- ասվում է Բարաք Օբամայի՝ Նովրուզին ընդառաջ արված հայտարարության մեջ:
Օբաման հավատացրել է, որ ԱՄՆ-ը, ինչպես և միջազգային հանրությունը, նման երաշխիքների հիման վրա պատրաստ է լուծել Իրանի խնդիրը: Ընդ որում ներկա պահին նախաձեռնությունը պետք է իրանական կողմից գա, հավելել է Օբաման:
‘