‘ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրաքին՝ իսլամիստների դեմ պայքարում’

893

ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են օգնություն ցուցաբերել Իրաքին՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում, որոնք վերջին երկու օրերին իրենց վերահսկողությունն են հաստատել Թիքրիթ և Մոսուլ քաղաքներում:

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է Իրաքի և Թուրքիայի կառավարությունների հետ խորհրդակցությունների և այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնությունը տրամադրելու:

Իրանը, որն Իրաքի կառավարության ամենամոտ դաշնակիցն է, կոչ է արել օգնել Բաղդադին՝ ջիհադականների դեմ պայքարում, որոնք նաև փորձում են Սիրիայում տապալել նախագահ Ասադին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրաքում գրոհայինների գործողությունները ցույց են տալիս, որ Սիրիայի հակամարտությունը խարխլում է նաև հարևան երկրների կայունությունը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է գրոհայինների հարձակումները Իրաքի քաղաքների վրա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով համերաշխություն դրսևորել Իրաքի իշխանությունների հետ, որոնք ստիպված են դիմակայել «երկրի անվտանգությունը վտանգող շատ լուրջ սպառնալիքի»:

Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, գրոհայինները չեն թաքցնում մոտ ժամանակներս դեպի Բաղդադ շարժվելու իրենց ծրագրերը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան և Ուկրաինա. Ճակատամարտ՝ միջազգային իրավունքի դաշտում’
Հաջորդ հոդվածը‘Լուգանսկի ապստամբները Հայաստանին կոչ են արել ճանաչել ԼԺՀ անկախությունը’