‘ԱՄՆ-ը ռուսաստանցի դիվանագետներին խարդախության մեղադրանք է ներկայացրել’

731

Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատախազությունը հրապարակել է մեղադրական փաստաթղթեր՝ կարիքավորների համար Medicaid անվճար բուժօգնության համակարգում խարդախության գործի վերաբերյալ, որում ընդգրկված են ռուսաստանցի գործող և նախկին 25 դիվանագետներ և նրանց կանայք: Քանի որ նրանք բոլորն օժտված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ, ոչ ոք նրանցից ձերբակալված չէ, մամլո ասուլիսում հայտարարել է շրջանի գլխավոր դատախազ Փրիթ Բհարարան: Ըստ նրա՝ նման դեպքերում ԱՄՆ պետքարտուղարությունը այդ դիվանագետներին ուղարկած երկրին խնդրում է զրկել նրանց անձեռնմխելիությունից: Մերժման դեպքում, նշել է դատախազը, նրանք կարտաքսվեն ԱՄՆ-ից: Բհարարայի խոսքով՝ հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները տասնյակ հանցակիցներ են ունեցել, որոնք չեն դատակոչվել: Մեղադրյալների թվում են Նյու Յորքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, ՄԱԿ-ում ՌԴ առաքելության և ՌԴ առևտրային ներկայացուցչության աշխատակիցներ:

Մինչդեռ Ռուսաստանի ԱԳՆ տարակուսում է, թե ինչու է ԱՄՆ-ը գերադասել հրապարակել մեղադրանքը՝ փոխանակ այդ հարցը քննարկելու դիվանագիտական խողովակներով: «Քանի դեռ մենք ամերիկյան իշխանություններից հստակ բացատրություն չենք ստացել, թե ինչի համար են մեղադրվում մեր քաղաքացիները, չենք կարող որևէ մեկնաբանություն անել»,-  Интерфакс-ին փոխանցել է գերատեսչության աշխատակիցը:

Medicaid ծրագիրը նախատեսված է օգնելու այն մարդկանց, ում ամսական ընտանեկան եկամուտը 3 հազար դոլարից պակաս է, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմությունը հրապարակել է գործողությունների պլանը’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանություն ‘