‘
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը չի քննարկում: Սիրիական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ հայտնաբերելու դեպքում ամերիկյան իշխանությունները մտադիր են սահմանափակվել երկրի երկօրյա հրթիռակոծությամբ, The Washington Post-ին է մեջբերում Lenta.ru-ն:
ԱՄՆ նախագահի աշխատակազմում պարբերականի աղբյուրները կարճաժամկետ հրթիռակոծությունն անվանել են «դաստիարակչական բնույթի միջոցառումներ»: Washington Post-ը նշում է, որ Սպիտակ տանն այդ որոշումը իդեալական են համարում: ԱՄՆ-ը չի ուզում Սիրիայում տեւական ռազմական գործողությունների մեջ խրվել, միեւնույն ժամանակ ուզում է կանխել քիմիական հարձակման կրկնությունը:
Ամերիկյան հետախուզությունը առայժմ քիմիական հարձակման վերաբերյալ իր ուսումնասիրությունների հաշվետվությունը չի ներկայացրել, սակայն Սպիտակ տունն արդեն ռազմանավերից սիրիական կառավարական բանակի օբյեկտները հրթիռակոծելու հնարավորությունը քննարկել է Կոնգրեսի եւ ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ, ինչպես նաեւ՝ պատրաստում է նման գործողությունների իրավական հիմնավորումը:
‘