‘ԱՄՆ-ը Սոչիի ափերին կմոտեցնի ռազմանավեր’

718

Սոչիի առաջիկա Օլիմպիական խաղերում անվտանգության ոլորտում Ռուսաստանին աջակցելու շրջանակներում ԱՄՆ-ը պատրաստ է Սև ծովում տեղակայել երկու ռազմանավ, հաղորդել է Associated Press-ը: Ինչպես հունվարի 20-ին հայտարարել է Պենտագոնը, ռազմանավերը կմոտենան ափին, եթե ռուսաստանյան իշխանություններից համապատասխան հայտ ստանան, ինչն առայժմ չեն ստացել:

Ամերիկյան լրատվամիջոցները մտավախություն են հայտնում Օլիմպիադայի ընթացքում Սոչիում ահաբեկչական գործողությունների սպառնալիքի կապակցությամբ: Այսպես, NBC News-ը տեղեկացնում է, թե ռուսաստանյան հատուկ ծառայություններն այժմ տեղեկություններ ունեն քաղաքում առնվազն չորս «սև այրիների»՝ ծայրահեղականների նախկին կանանց հայտնվելու մասին, որոնք կարող են հանդես գալ որպես մահապարտներ:

ԱՄՆ պետքարտուղարությունն ավելի վաղ Սոչիի Օլիմպիական խաղերին մեկնող ամերիկացիներին կոչ է արել զգոն լինել հավանական ահաբեկչական սպառնալիքի դեպքում: Նաև հայտնի է դարձել, որ ամերիկյան մարզիկների պահպանության համար հրավիրվել է Global Rescue մասնավոր ընկերությունը, որը, ի թիվս այլ բաների, մշակել է Խաղերի մասնակիցների արտակարգ տարհանման պլանը:

Օլիմպիական խաղերը Սոչիում անցկացվելու են փետրվարի 7-ից 23-ը, իսկ Պարաօլիմպիադան կանցկացվի մարտի 7-ից 16-ը: Տարածաշրջանում անվտանգության արտակարգ միջոցառումներ են մտցվել մրցումների մեկնարկից ուղիղ մեկ ամիս առաջ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Աբրամովիչի ընկերուհուն մեղադրել են ռասիզմի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Ասադի վարչակազմը մեղադրվել է 11 հազար գերիների մահապատժի ենթարկելու մեջ’