‘
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սպառնացել է, որ Մոսկվան և Պեկինը Վաշինգտոնի հետ հարաբերություններում կզգան լրտեսության մեջ մեղադրվող ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին հանձնելու պահանջն անտեսելու հետևանքները, հաղորդում է France-Presse գործակալությունը: Քերիի խոսքերով՝ եթե պարզվի, որ Ռուսաստանը կամ Չինաստանը Սնոուդենին «միտումնավոր կերպով են թույլ տվել ինքնաթիռ բարձրանալ», ապա դա «խորը հիասթափություն» կառաջացնի, նշում է Associated Press-ը: Այդ հանգամանքն «անպայման» կազդի այդ երկրների և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վրա: Խոսելով Սնոուդենի փախուստի հարցում Ռուսաստանի դերի մասին՝ Քերին հույս է հայտնել, որ Մոսկվան կշարժվի օրենքի համաձայն: Նա հիշեցրել է, որ վերջին երկու տարիներին ԱՄՆ-ը Ռուսաստանին է հանձնել յոթ կալանավորի, և կոչ է արել պահպանել փոխադարձության սկզբունքը: ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ ուրիշ երկրները չպետք է թույլ տային Սնոուդենի որևէ միջազգային տեղաշարժ՝ բացի արտահանձնումից, փոխանցում է lenta.ru-ն:
‘