ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը ուրբաթ գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման (հուսիթների) կառույցներին։ Երկու երկրների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հուսիթների հրթիռների, անօդաչուների և ռադիոտեղորոշիչ կայանների տեղակայման վայրերը։
Ամերիկյան NBC News հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկացի և բրիտանացի զինվորականները նավերի վրայից հարվածները հասցրել են Tomahawk թևավոր հրթիռներով։ Իսկ Reuters-ի տեղեկատվության համաձայն՝ հուսիթների դիրքերին հարվածները հասցվել են օդանավերից, նավերից և սուզանավերից։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո հուսիթները հայտարարել են, որ հարվածներ են հասցնելու Իսրայելի տարածքին և թույլ չեն տալու նրա հետ կապ ունեցող նավերն անցնեն Կարմիր ծովով և Բաբ-էլ-Մանդեբյան նեղուցով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Եմենին հարված է հասցվել Կարմիր ծովում «հուսիթների աննախադեպ գրոհներին ի պատասխան»։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուսիթներին կոչ է արել դադարեցնել քաղաքացիական նավերի գնդակոծությունները և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։