‘
ԱՄՆ պետքարտուղարությունը պաշտոնական ծանուցում է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու վերաբերյալ: Որպես հիմնական պատճառ՝ նշվում է կազմակերպության հակաիսրայելական դիրքորոշումը:
Ավելի ուշ Իսրայելը ևս հայտարարել է, որ նույնպիսի մտադրություն ունի: Այդ մասին հայտարարություն է արել վարչապետ Բինիամին Նեթանյահուն: «Վարչապետը արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է նախապատրաստել կազմակերպությունից ԱՄՆ-ի հետ միասին դուրս գալու գործընթացը»,- ասվում է Նեթանյահուի վարչակազմի հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի անդամությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կդադարեցվի 2018 թ. դեկտեմբերի 31-ին: Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կշարունակի համագործակցել որպես դիտորդ պետություն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը ափսոսանք է հայտնել Միացյալ Նահանգների որոշման կապակցությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով մասնագիտացված կառույցը, գործում է 1945 թվականից:
Փոխանցում է BBC-ն:
‘