‘ԱՄՆ-ը և Կուբան հայտարարել են իրենց հարաբերություններում նոր էջ բացելու մասին’

733

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է կոնգրեսին՝ Կուբայի նկատմամբ էմբարգոն հանելու և նրա հետ հարաբերությունները վերականգնելու առաջարկով:

Օբաման անվերապահորեն ընդունել է, որ Կուբայի նկատմամբ զսպման 50-ամյա քաղաքականությունը չի աշխատում: Նա նշել է, որ երկրի կեսդարյա մեկուսացումից հետո էլ դեռ այդ երկիրը ղեկավարում են Կաստրո եղբայրները: Այդ ռազմավարությունը, ընդգծել է ամերիկյան նախագահը, ամենից շատ վնաս է հասցնում շարքային կուբացիներին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի հրաժարվում ամբողջ աշխարհում ազատության և ժողովրդավարության պաշտպանությունից, սակայն այդ ամենը կարելի է անել այլ կերպ, այնպես, որպեսզի հակասություններ չհրահրվեն:

Քաղաքական կուրսը փոխելու այս աննախադեպ հայտարարության մեջ ԱՄՆ նախագահը առանձնացրել է մի շարք առանցքային պահեր, մասնավորապես՝ ԱՄՆ-ը դեսպանատներ կբացի Կուբայում, պետքարտուղար Ջոն Քերին առաջիկա վեց ամսում պետք է նորովի քննի փաստերը և որոշի՝ արդյո՞ք նախկինի պես պետք է Կուբան համարել ահաբեկչությանը սատարող երկիր, ԱՄՆ-ը և Կուբան կբանակցեն միգրացիայի, թմրաբիզնեսի, շրջակա միջավայրի և մարդկանց առևտրի հարցերով և այլն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջունել են ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունների բարելավումը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը չի հանդուրժելու անհիմն թանկացումները, բայց գազը արդեն մեկ շաբաթ է վաճառվում է անհիմն թանկ գնով’
Հաջորդ հոդվածը‘Դրամը րոպե առ րոպե արժեվորվում է’