‘ԱՄՆ-ի թատրոններն սպառնալիքներ են ստանում Թրամփ-Կեսարի կերպարով պիեսի համար’

1444

Ամերիկյան մի քանի թատրոններ քննադատական և սպառնալից նամակներ են ստանում Ուիլյամ Շեքսպիրի «Հուլիոս Կեսարի» բեմադրության կապակցությամբ, որտեղ գլխավոր հերոսը նմանեցված է Դոնալդ Թրամփին:

«Հուլիոս Կեսարի» ժամանակակից տարբերակում հռոմեացի կայսեր դերում ներկայանում  է շիկահեր գործարար՝ կապույտ կոստյումով և վառ գույնի փողկապով, իսկ նրա կինը՝ Կալպուրնիան, խոսում է սլավոնական առոգանությամբ: Պիեսի գլխավոր հերոսի կյանքն ավարտվում է նույն կերպ, ինչպես նրա նախատիպինը՝ դավադրության արդյունքում:

Նյու Յորքի Public Theater-ում բեմադրությունը սկանդալների առիթ է դարձել, սակայն սպառնալիքներ ստանում են նաև այլ թատերախմբեր, որոնց անվան մեջ կա «Շեքսպիր» բառը:

Shakespeare Dallas կազմակերպությունը, որ Շեքսպիրի պիեսներն է բեմադրում զբոսայգիներում, հաղորդել է, որ բողոքներ պարունակող մոտավորապես 90 էլեկտրոնային նամակ է ստացել, իսկ մասաչուսեթսյան Shakespeare and Company ընկերությունը ստացել է առնվազն 40 այդպիսի հաղորդագրություն: «Մեր նախագահի սպանությունը պատկերող ձեր պիեսը ոչ այլ ինչ է, քան ատելություն: Դուք չար ու խղճուկ մարդիկ եք: Ես ձեզ ամենավատ բաներն եմ մաղթում, թող հիվանդանաք ու մեռնեք»,- ասվում է այդ նամակներից մեկում: «Հուսով եմ՝ դուք բոլորդ, որ բեմադրել եք այդ պիեսը Թրամփի մասին, առաջինը կմեռնեք, երբ ՁԵԶ ՄՈՏ ԳԱ  ԻԼԻՊ-ը… տականքնե՛ր»,- ասվում է մեկ ուրիշում:

Հունիսի 12-ին ամերիկյան երկու խոշոր կազմակերպություններ հրաժարվել են ներկայացումները հովանավորելուց:

Բեմադրությունները քննադատել է նաև ԱՄՆ նախագահի որդին՝ կրտսեր Դոնալդ Թրամփը: «Չեմ հասկանում. այդ «արվեստը» գոյություն ունի հարկատուների հաշվի՞ն: Լուրջ հարց է. երբ «արվեստը» քաղաքականություն է  դառնում՝ դա ի՞նչ է փոխում»,- գրել է նա սոցցանցում:

2012 թ. Շեքսպիրի նույն պիեսի բեմադրության մեջ Հուլիոս Կեսարի հերոսը շատ նման էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբամային:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ՀԲՃ. Կյանքի հետ անհամատեղելի քանակության ծանր և վտանգավոր մետաղներ Կավարտ գետում’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան. Ակնկալում ենք ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրել գալիք գագաթնաժողովի ընթացքում’