‘
ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի գնահատականների սպեկտրը բավական ընդարձակ է՝ դիվանագիտական ասպարեզում «մեծագույն ճեղքումից», ինչպես այդ իրադարձությունը բնորոշել է անձամբ Դոնալդ Թրամփը, մինչև՝ առաջնորդների հանդիպում՝ Փհենյանի բռնապետությունը լեգիտիմացնելու համար:
Դիտորդները նշում են, որ երկու պետությունների ցանկություններն առայժմ ընդամենը թվարկված են, սակայն չեն որոշակիացվել:
«Սա լավ սկիզբ է, բայց պետք է հասկանալ, որ սա ընդամենը շատ երկար գործընթացի մեկնարկն է, չափազանց մեծ ու քրտնաջան աշխատանքի սկիզբ»,- նշել է միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Փիթեր Բրուքը:
Երկու առաջնորդների ստորագրած հռչակագրի մի կետը վերաբերում է հարավկորեական-ամերիկյան համատեղ զորավարժությունները չեղարկելուն՝ ԿԺԴՀ-ի խոստման դիմաց՝ հրաժարվելու միջուկային ծրագրից:
Գագաթնաժողովի արդյունքների նկատմամբ թերահավատորեն տրամադրվածների կարծիքով՝ Թրամփը չափազանց մեծ զիջումների է գնացել՝ ընդամենը թերակղզին ապամիջուկայնացնելու վերաբերյալ Փհենյանի խոստման դիմաց: Բացի այդ՝ նրանք նշում են, որ հանդիպումն օգնել է, որ ԿԺԴՀ առաջնորդը օրինակարգության չափաբաժին ստանա միջազգային հանրության աչքին:
Գագաթնաժողովը դրական են գնահատել ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, ինչպես նաև Չինաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան:
Փոխանցում է euronews-ը:
‘