ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել աֆղանցիներին տեղափոխելու համար դրամական հատկացումներին

732

Հինգշաբթի օրը ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, Սենատից հետո, քվեարկել է 2,1 մլրդ դոլարի հատկացման վերաբերյալ փաթեթին, որը ուղղվելու է Կապիտոլիումի տարածքի պաշտպանությանը և Աֆղանստանում գործողության ընթացքում ամերիկյան զորախմբին օգնած աֆղանցիների տեղափոխման ծրագրին։

Օրինագիծն այժմ պետք է ստորագրի նախագահ Ջո Բայդենը։

Ծրագիրը նախատեսում է 521 մլն դոլարի հատկացում Ազգային գվարդիայի ծախսերը հոգալու համար, որի ստորաբաժանումներն ապահովում են Կոնգրեսի շենքի պաշտպանությունը հունվարյան անկարգություններից հետո։ 300 մլն դոլար կհատկացվի ենթակառույցների արդիականացմանը, այդ թվում՝ նոր տեսախցիկների տեղադրմանը, 70 միլիոն դոլար կհատկացվի Կապիտոլիումի ոստիկանության աշխատավարձերի և ընդհանուր ծախսերի համար։

Փաթեթի շրջանակներոմ Պենտագոնը կստանա 500 մլն դոլար՝ ԱՄՆ-ին աջակցած աֆղանցիների տարհանման և ժամանակավոր կացության համար։

Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ամերիկյան զորքերին օգնություն ցուցաբերած առնվազն 18 հազար աֆղանցիներ ու  նրանց ընտանիքների մոտավորապես 53 հազար անդամներ հույս ունեն ԱՄՆ արտագաղթելու վիզաներ ստանալ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիմ Չեն Ինը կոչ է արել բարձրացնել բանակի մարտունակությունը
Հաջորդ հոդվածըԱդրբեջանական ԶՈՒ-ն սադրանքի է դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ․ ՊՆ