‘ԱՄՆ կոնգրեսը քվեարկել է նախկին նախագահների ցմահ պահպանության օգտին’

652

Դեկտեմբերի 5-ին ԱՄՆ կոնգրեսը կողմ է քվեարկել երկրի նախկին նախագահներին ցմահ պահպանություն տրամադրելու օրինագծին, հաղորդում է The Washington Post-ը: Օրինագիծը, որով պահպանության ժամկետ է տրամադրվում նաև նախկին նախագահների զավակներին՝ մինչև նրանց 16 տարին լրանալը, ընդունվել է բանավոր քվեարկությամբ: Այն ուժի մեջ կմտնի Սենատի կողմից հավանության արժանանալուց և Բարաք Օբամայի կողմից ստորագրվելուց հետո և կփոխարինի 1994 թ. ընդունված օրենքին, որով պետությունների նախկին ղեկավարներին պետական պահպանություն էր տրամադրվում պաշտոնը լքելուց հետո 10 տարվա ընթացքում:

Ներկա և նախկին նախագահների, փոխնախագահների, նախագահի թեկնածուների և ԱՄՆ դեսպանատների պահպանությամբ 1901 թվականից զբաղվում է Գաղտնի ծառայությունը: Պետության հաշվին ղեկավարների անվտանգությունն ապահովելու որոշումն ընդունվել է նախագահ Մաքքինլիի սպանությունից հետո: 1965 թ. (Քենեդու սպանությունից երկու տարի անց) կոնգրեսը որոշում ընդունեց նախագահների ցմահ պահպանության վերաբերյալ, սակայն 1994 թ. այդ ժամկետը սահմանափակվեց 10 տարով: Գաղտնի ծառայությունը չի բացահայտում նախկին նախագահների և նրանց ընտանիքների պահպանության ծախսերի չափը: Ներկա պահին ծառայությունն իրականացնում է ոչ միայն նախագահ Օբամայի, փոխնախագահ Ջո Բայդենի և նրանց ընտանիքի անդամների, այլև նախկին նախագահներ Ջիմի Քարտերի, Բիլ Քլինթոնի, հայր և որդի Բուշերի, ինչպես նաև՝ Ռոնալդ Ռեյգանի այրու՝ Նենսի Ռեյգանի պահպանությունը: 

Նախորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Ճղում ենք դոշերը միասին’
Հաջորդ հոդվածը‘Մարկո Մատերացի. Ես գիտեմ Մոուրինյոյի նպատակը’