‘ԱՄՆ Կոնգրեսում նշվեց ԼՂՀ անկախության եւ Սահմանադրության օրը’

999

Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Վաշինգտոնում ԼՂՀ ներկայացուցչությունում Արցախի պետական պարգև հանձնեց Ամերիկայի Հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Անի Թոթահին: Նա «Երախտագիտություն» մեդալի է արժանացել ԼՂՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Արցախին մատուցած ծառայությունների համար: 

Այնուհետև ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոունի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ Կոնգրեսի և ԼՂՀ խորհրդարանի համագործակցության զարգացման հարցեր և այդ համատեքստում քաղաքական, տնտեսական, մշակույթային կապերի սերտացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գորընթացին:

Նույն օրը երեկոյան, ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառումը: Տոնական երեկոն կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը ու հայ-ամերիկյան կազմակերպությունները՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը:

Միջոցառմանը,  որը վարում էր Ֆրենկ Փալլոունը, մասնակցեցին մի շարք  կոնգրեսականներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծեցին ԼՂՀ հռչակման ժողովրդավարական հիմքերը, անկախության հանրաքվեի օրինականությունը և անկախ պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումները: Կոնգրեսականները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել նպաստել Արցախի Հանրապետության տնտեսական զարգացմանը և միջազգային ճանաչմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից որդեգրած ժողովրդավարական ուղին:

Արցախին նվիրված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդվարդ Ռոյսը, որն իր և գործընկերների անունից ողջունեց ԼՂՀ խորհրդարանի նախագահին: Պարոն  Ռոյսը, կարևորելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, վերահաստատեց ԱՄՆ Կոնգրեսի վճռականությունը՝ շարունակաբար ուշադրության կենտրոնում պահել Արցախի անվտանգությունը:

Երեկոյի գլխավոր բանախոսը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էր, ով շնորհակալություն հայտնեց կոնգրեսականներին` նրանց ցուցաբերած հոգատար ու անշահախնդիր վերաբերմունքի համար և վերահաստատեց Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի հավատարմությունը  ազատության և անկախության արժեքներին:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեին և Սահմանադրության օրվան նվիրված միջոցառմանը

 

Մեծարգո կոնգրեսականներ,

Հարգարժան դեսպան Մարգարյան,

Թանկագին հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք

 

Մի քանի օր առաջ, ԱՄՆ արևմտյան ափի ամենամեծ ու հայաշատ քաղաքում՝ Լոս-Անջելեսում, տեղի ունեցավ համահայկական 16-րդ  հեռուստամարաթոնը, որն աշխարհասփյուռ հայությանը հերթական անգամ միավորեց Արցախին ու Հայաստանին նվիրված ծրագրերի իրականացման գաղափարի ներքո:

 Իսկ անցյալ տարվա կեսերից էլ ամերիկյան Ռոդ-Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն նահանգների խորհրդարաններն իրենց ընդունած բանաձեւերով ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և կոչ արել դաշնային իշխանություններին՝ սատարել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքին և ժողովրդավար անկախությանը:

Այսօր էլ ԱՄՆ Կոնգրեսում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորագույն տարեգրության մեջ ամենահիշարժան իրադարձություններից մեկը՝ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը:

Ինձ համար բարձր պատիվ է հերթական անգամ ներկա գտնվել Միացյալ Նահանգների Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նվիրված միջոցառմանը: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել կազմակերպիչներին` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբին և նրան աջակցած կառույցներին՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, Արցախի գրասենյակին, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին և Ամերիկայի Հայկական համագումարին:

Մի քանի օր անց լրանում է 22 տարին այն օրերի, երբ իմ հայրենակիցները Խորհրդային Միության փլուզմամբ պայմանավորված ծանրագույն իրավիճակում կատարեցին վճռական ընտրություն եւ համաժողովրդական հանրաքվեի միջոցով իրենց հաստատուն «այո»-ն ասացին արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը:

Դրանից երեք տարի առաջ՝ 1988թ. փետրվարին, արցախահայությունը, առաջինը խորհրդային իրականության մեջ, ազատության դրոշ էր բարձրացրել եւ պայքարի ելել իր իրավունքների համար:

Ի դեպ, Ստեփանակերտում, այնուհետեւ Երեւանում և Սփյուռքի բոլոր հայտնի կենտրոններում ծավալված այդ իրադարձություններից անցել է 25 տարի, մի ամբողջ քառորդ դար:

                Դա միանգամայն գիտակցված որոշում էր: Համաշխարհային քաղաքականության թատերաբեմից հեռանում էր մի կայսրություն, որի կազմավորման առաջին տարիներին Արցախի հարցը լուծվել էր կամայականորեն, և հայկական մարզը հայտնվել էր նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանի կազմում:

                Անցյալ դարի վերջերին պատմությունը մեզ բացառիկ հնարավորություն էր ընձեռել, որպեսզի վերականգնենք ոտնահարված արդարությունը: Եվ մենք միանգամայն օրինապատշաճ ձևով օգտագործեցինք այն:

                Ես հարգելի ներկաների ուշադրությունը չեմ ծանրաբեռնի հետագա իրադարձությունների մասին ծավալուն հիշատակումներով: Կբավարարվեմ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական և բնականանոն վճռին Ադրբեջանը պատասխանեց նրա դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմով: Եվ իբրև թիրախ ընտրվեց խաղաղ բնակչությունը:

                Պատերազմի հետևանքները հայտնի են, դա այսօրվա փաստացի իրավիճակն է: Անցած երկու տասնամյակներն արցախահայության համար եղել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման, տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման, պետական կառավարման և հանրային կյանքի ժողովրդավարացման, սոցիալական, հոգևոր-մշակութային վերազարթոնքի տարիներ:

Երբ մենք խոսում ենք պատերազմի հետևանքների վերացման մասին, չենք կարող չհիշատակել ԱՄՆ ու նրա ժողովրդի կողմից 1998թ-ից Արցախին ցուցաբերվող օգնությունը: Ամեն տարի ամերիկյան Կոնգրեսի կողմից հատկացվում են միջոցներ, որոնք ուղղվում են ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետևանքների վերացմանը: Այդ օժանդակությունը, որի հատկացման գործում մեծ դեր ունեն մեր բարեկամները Կոնգրեսում՝ թույլ է տալիս լուծում գտնել բազմաթիվ ծրագրերի ու հրատապ հարցերի համար: Բայց անելիքներ դեռ շատ կան: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը քաջատեղյակ է այդ օգնության մասին եւ խորապես շնորհակալ է դրա համար:

Հարգելի ներկաներ,

                Մեր հանրապետության անցած ճանապարհի յուրահատուկ ամփոփում պետք է համարել 2006թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, որով ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Դա ազատ և ինքնիշխան ապրելու իմ ժողովրդի կամքի ևս մի արտահայտություն է` արդեն սահմանադրական ձեւակերպումների տեսքով, որն անշրջելի է դարձրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` իբրև անկախ պետության, գոյության փաստը:

                Արցախի նորագույն տարեգրության մեջ այս երկու հիշարժան իրադարձությունների օրացուցային զուգադիպությունը պատահական չէր այն իմաստով, որ դրանք նույն ճանապարհի երկու կարեւոր հանգրվաններն են: Ու եթե 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած անկախության հանրաքվեն ցուցադրեց արցախցու հավաքական կամարտահայտությունը՝ իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հարցում, ապա ուղիղ տասնհինգ տարի անց՝ 2006թ. նույն դեկտեմբերի 10-ի սահմանադրական հանրաքվեն եկավ վերահաստատելու այդ կամքի անսասանությունը:        

                Իսկ այդ ամենի հիմքում նույն շարժառիթն էր. մարդու և, որպես մեկ առանձին հանրության, Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության ապահովումը՝ գործող միջազգային իրավունքի տառին ու ոգուն համապատասխան:

                Մենք, իհարկե, սահմանադրական նոր սկզբունքներ և մեխանիզմներ չենք հայտնագործել: Փորձել ենք հաջողությամբ օգտվել համաշխարհային փորձից, այդ թվում և ամերիկյան, իհարկե, հիմնվելով համամարդկային-ժողովրդավարական արժեքների հանդեպ մեր ժողովրդի պատմականորեն ունեցած ընկալունակության վրա:

                Առանց չափազանցության կարելի է ասել, որ բացառիկ են մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները. գտնվելով Ադրբեջանի կողմից վերստին ագրեսիայի ենթարկվելու մշտական վտանգի տակ̀ մենք, այնուամենայնիվ, հանդգնել ենք վերափոխել պետական կառավարման համակարգը, այն դարձրել ոչ միայն ամբողջությամբ քաղաքացիական, այլև ժողովրդավարական՝ հաղթահարելով չճանաչվածության և շրջափակման հետևանքով առկա դժվարությունները:

                1988թ-ից ի վեր Արցախի հայ ժողովուրդը մերժում է մի ժողովրդի գերիշխանությունը մյուսի նկատմամբ: Մենք դեմ ենք ոչ թե ադրբեջանական ժողովրդի̀ անկախ պետություն ունենալու իրավունքին, այլ ադրբեջանական պետության նկրտումերին՝ գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի նկատմամբ:

                Երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 19-ին, Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես ողջունել է երկամյա ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղղակի երկխոսության վերսկսման իրողությունը: Մենք բարձր ենք գնահատում այս առումով ԱՄՆ իշխանությունների և, մասնավորապես, պետքարտուղար Ջոն Քերրիի՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացին թափ հաղորդելու ջանքերը:

                Մենք մշտապես ասել ենք և շարունակում ենք պնդել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցությունների՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի մակարդակով սահմանված, իսկ այնուհետև  կազմակերպության 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում վերհաստատված ձևաչափը: Խոսքը Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտության կողմի, բանակցային գործընթաց վերադառնալու մասին է, ինչին խոչընդոտում է Ադրբեջանը:

                Այս իրավիճակի ընկալման նրբությունը կայանում է նրանում, որ բանակցությունների բուն առարկան ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի, այլ` Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ապագա իրավահարաբերություններն են:

                Չի եղել, չկա և չի կարող լինել վերացական կարգավորում: Ոչ թե տեսական մշակումներն են տանում դեպի փոխըմբռնում և վերջնական համաձայնություն, այլ այդ ուղղությամբ արված գործնական քայլերը: Մինսկի խմբի և, առաջին հերթին, Ամերկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության ու Ֆրանսիայի Հանրապետության՝ որպես համանախագահ երկրների, ներկայացուցիչները բազմաթիվ անգամ նշել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Եվ այդ արձանագրումը մեր կողմից ընդունվել է միանշանակ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որի ղեկավարության կողմից պարբերաբար, իսկ վերջերս՝ ավելի հաճախակի, հնչում են սպառնալիքներ՝ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկության մասին:

Վերջին 25 տարիները մեզ շատ բան են սովորեցրել. Սովորեցրել են նաև՝ թույլ չտալ որևէ ոտնձգություն մեր ժողովրդի դեմ և մեր երկրի անվտանգությանը: Մենք միշտ ասել ենք ու կրկին հաստատում ենք. Արցախի անվտանգությունը սակարկության ենթակա չէ և մենք այսօր առավել, քան 25 տարի առաջ, պատրաստ ենք  պաշտպանելու մեր անկախությունն ու ազատությունը: Բայց մենք քաջ գիտակցում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծումը հնարավոր է միայն լիարժեք ձևաչափով և քաղաքակիրթ, կառուցողական բանակցությունների միջոցով:

Այս ամենը ոչ միայն Արցախում բնակվողների, այլեւ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայերի հավաքական տեսակետն ու ցանկությունն է: Եվ մենք պետք է ճիշտ արժևորենք այն խորհրդանշականությունը, որ միմյանց տվել են Արցախն ու Սփյուռքը: Ղարաբաղյան շարժման էական արդյունքներից մեկը պետք է համարել այն, որ Արցախը նոր լիցք է հաղորդել Սփյուռքին, իսկ Սփյուռքն էլ իր հերթին անմնացորդ նվիրումով է լծվել Հայրենիքի պաշտպանության ու շենացման գործին: Միասնության հենց այս բանաձևն է լինելու մեր հետագա հաջողությունների գրավականը:

2014թ. մայիսին լրանում է Զինադադարի հաստատման 20 տարին: Երկու տասնամյակ խաղաղությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվել է բացառապես ուժերի հավասարակշռության շնորհիվ: Կարծում եմ, սա լավագույն վկայությունն է այն իրողության, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարևոր  դերակատարություն ունի  Հարավային Կովկասում խաղաղության պահպանման գործում: Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում, չեն կարող անտեսել այս իրողությունը:

                Մենք ողջունում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները Ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերել և ցուցաբերում են կոնսենսուսային դիրքորոշում ու համաձայնեցնում իրենց բոլոր քայլերը: Բայց և ակնկալում ենք փոխըմբռնում և միջնորդական ջանքերի ակտիվացում՝ ուղղված Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության կասեցմանը:

                Բարեկամներ,

Ուզում եմ խոսքս ավարտել հարգանքի տուրք մատուցելով ԱՄՆ մեծագույն զավակներից մեկի՝ Ջոն Ֆիջերալդ Քեննեդիի հիշատակին, մի գործչի, ում եղերական վախճանի 50-րդ տարելիցը լրացել է հաշվված օրեր առաջ: Փոքր ինչ վերափոխելով ԱՄՆ 35-րդ նախագահի խոսքերը պաշտոնամուտի նրա հայտնի ելույթից, ուզում եմ նրա ոգով հիշեցնել մեր ընդդիմախոսներին, որ անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ շարունակել խաղաղության որոնումները հանուն մեր ժողովուրդների, քանի դեռ կողմերի կուտակած զինանոցների կործանարար ներուժը վերստին աղետի առջեւ չի կանգնեցրել:

Շնորհակալություն և խաղաղություն բոլորիդ:

Նախորդ հոդվածը‘Ցուցարարների երթը ավարտվեց կառավարության մոտ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ. Կոնգրեսի՝ կոռուպցիայի մասին հարցապնդումը հունից հանել է Հրայր Թովմասյանին’