‘ԱՄՆ Կոնգրեսում քվեարկություն կանցկացվի՝ Թուրքիայի կողմից քրիստոնեական եկեղեցիների գույքի վերադաձման շուրջ’

621

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն հունիսի 26-ին քվեարկության կդնի Թուրքիայի կողմից քրիստոնեական եկեղեցիների գույքի վերադաձման վերաբերյալ HR 4347 բանաձևը: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

HR 4347 բանաձևը Կոնգրեսի օրակարգ են ներկայացրել Էդ Ռոյսն ու Էլիոտ Էնգելը: Այն, մասնավորապես, ԱՄՆ Պետդեպարտամենտից պահանջում է ամեն տարի հաշվետու լինել Կոնգրեսի առջև այն մասին, թե արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է վերադարձնել առգրավված գույքն ու ունեցվածքը ոչ միայն բուն երկրում, այլ նաև Կիպրոսի գրավյալ հատվածում: HR 4347 բանաձևը հենվում է քրիստոնեական տաճարների պարտադիր վերադարձի մասին 2011 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված H.Res.306 բանաձևի վրա: Այդ բանաձևը հիմք է հանդիսացել HR4347 բանաձևի համար, որը Թուրքիայի կառավարությանը կոչ է անում կատարել միջազգային պարտավորությունները՝ վերադարձնել քրիստոնյաների գույքն ու հարգել քրիստոնյաների սեփական հավատքը դավանելու իրավունքը:

ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ամերիկահայերին կոչ է արել հունիսի 24-ին հեռաձայնել իրենց կոնգրեսականներին կամ նրանց հասցեագրված գրառում կատարել Facebook և Twitter-ում` կոչ անելով  քվեարկել HR 4347 բանաձևի օգտին:

2011 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է «Թուրքիայի ազգային փոքրամասնություններին կրոնական ունեցվածքի վերադարձման մասին» HR306 բանաձևը: 2011 թվականի ամռանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայներով քվեարկել է քրիստոնեական եկեղեցիների վերադարձման օգտին (H.Res.306): Այս տարվա մարտին նմանատիպ բանաձև է ընդունվել հունական լոբբիի ճնշման ներքո (H.Res.180):

 

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հզր դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Հերթն այս անգամ Իտալիայինն էր. Եվրոպական այս թիմը ևս դուրս մնաց պայքարից, Ուրուգվայը միացավ Կոստա-Ռիկային (տեսանյութ)’