‘
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 390 կողմ, 0 դեմ ձայներով երեքշաբթի օրն ընդունել է թիվ 354 բանաձևը, որը «դատապարտում է մայիսի 16-ին Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը կանխելու համար», փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բանաձևում նշվում է, որ «ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և պետք է դատական գործ հարուցվի նրա դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»:
Աղբյուրը հիշեցնում է, որ հարձակումների մեջ մեղադրող թիկնապահներն արդեն վերադարձել են Թուրքիա:
Մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակբ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև՝ ընդդեմ Թուրքիայի քրդերի նկատմամբ տարվող Էրդողանի քաղաքականության: Էրդողանի թիկնապահները և աջակիցները, նրա ներկայությամբ ու հավանաբար՝ հրահանգով, հարձակվել էին ցուցարարների վրա ու ծեծի ենթարկել նրանց։ Ցուցարարների թվում էին ԱՄՆ քրդական, հայ, հույն եւ եզդի համայնքների ներկայացուցիչներ:
Հարձակումից մի քանի օր անց Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել ԱՄՆ-ին՝ մեղադրելով ամերիկյան իշխանություններին՝ Էրդողանի այցի ընթացքում անվտանգության միջոցառումները պատշաճ մակարդակով չիրականացնելու եւ Էրդողանի թիկնապահների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու մեջ:
‘