‘
ԱՄՆ ափսոսում է այն պատճառների համար, որոնց առնչությամբ խոցվել է հայկական ուղղաթիռը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեկ Հոգանը` անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից ղարաբաղյան ուղղաթիռի խոցմանն առնչվող միջադեպին:
«Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Սոչիում, Ուելսում և Փարիզում նախագահների հանդիումների ժամանակ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ և տեղաշարժեր: Մենք կողմերին կոչ ենք անում շարունակել այդ պայմանավորվածություններն ու տեղաշարժերը` վերջնական խաղաղ կարգավորման հասնելու համար»,- նշել է դիվանագետը:
Նշենք, որ հայկական կողմը դեռ չի կարող պարզել խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը` ադրբեջանական կողմից միջադեպի վայրի անդադար գնդակոծության պատճառով: Ադրբեջանական կողմն այդպես էլ անվտանգության երաշխիքներ չի տրամադրել Անջեյ Կասպրշիկի գլխավորած ԵԱՀԿ դիտարկման խմբին` հայկական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով:
‘