‘ԱՄՆ հայկական սփյուռքը քննադատել է Սպիտակ տանը՝ «գենոցիդ» բառից հրաժարվելու համար’

1390

Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Երևանում ԱՄՆ-ը կներկայացնի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն:

Ըստ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայության հաղորդման՝ Սպիտակ տան  աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոուն և Բարաք Օբամայի՝ արտաքին քաղաքական հարցերով առանցքային խորհրդական Բեն Ռոդսը երեքշաբթի այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ-ում հայկական սփյուռքի առաջնորդներին: Նրանց խոսքով՝ Լյուին հանձնարարված է «համերաշխություն դրսևորել հայ ժողովրդի հանդեպ, երբ նա ապրիլի 24-ին նշի այդ տխուր տարելիցը»:

Մամլո ծառայության հաղորդագրության մեջ հիշատակվում են «1915 թ.հայերի նկատմամբ դաժան հաշվեհարդարները» և «այդ մղձավանջային շրջանում մեկուկես միլիոն կորսված կյանքերը», սակայն ոչ մի անգամ չի գործածվում «գենոցիդ» բառը: Մամլո հաղորդագրության համաձայն՝ Սպիտակ տան ներկայացուցիչները «ողջունում են ամերիկյան հայկական համայնքի սկզբունքային դիրքորոշումը՝ արդարությունը պաշտպանելու հարցում», ինչպես նաև «խոստանում են, որ Միացյալ Նահանգները կօգտվի ընձեռված բարենպաստ հնարավորությունից, որպեսզի հետևողականորեն կոչ անի լիովին, բաց կերպով և արդարացիորեն ճանաչել այն փաստերը, որոնք, իրենց կարծիքով՝ համապատասխանում են բոլոր կողմերի շահերին»:

Հանդիպումից հետո Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանը հայտարարել է, որ «նախագահ Օբամայի կապիտուլյացիան Թուրքիայի առջև ազգային խայտառակություն է» ԱՄՆ-ի համար: «Պարզ ասած՝ դա  դավաճանություն է՝ ճշմարտության,  դավաճանություն՝ վստահության հանդեպ»,- հայտարարել է սփյուռքի առաջնորդներից մեկը:

Armenian Weekly ցանցային պարբերականն այդ առթիվ հիշեցնում է, որ 2008 թ. հունվարի 19-ին Բարաք Օբաման հայտարարել էր. «Փաստերն անժխտելի են: Պաշտոնական քաղաքականությունը, որը դիվանագետներին ստիպում է խեղաթյուրել պատմական փաստերը, դատապարտված է ձախողման: Որպես սենատոր՝ ես վճռականորեն պաշտպանում եմ հայերի ցեղասպանության վերաբերյալ բանձևի ընդունումը, իսկ որպես նախագահ՝ ես կճանաչեմ հայերի ցեղասպանությունը»: Փոխանցում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ. Ցեղասպանության բնորոշումը կարող են տալ իրավաբանները (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնություն.Հայաստան — Եգիպտոս՝ 4։0’