‘ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը մինչեւ ապրիլի 24-ը հանդիպում է ակնկալում պետքարտուղար Քերրիի հետ’

579

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին` քննարկելու Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի, հայ-ամերիկյան հարաբերությունների, սիրիահայերի և հայմայնքային մի շարք հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակակոչելով «Ասպարեզ»-ը,  ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը նամակ է հղել Ջոն Քերրիին`խնդրելով մինչև ապրիլի 24-ը հադիպում նշանակել հայերին հուզող խնդիրների շուրջ  քննարկումներ ունենալու համար:

Խաչիկյանը շնորհավորել է պետքարտուղարին նոր պաշտոնի կապակցությամբ`ընդգծելով վերջինիս երկարամյա բարեկամական հարաբերությունները ԱՄՆ հայության հետ, և հույս հայտնել, որ հետագայում էլ կշարունակի արդյունավետ համագործակցությունը Հայ դատի հանձնախմբի և հայ համայնքի հետ:

 «Մենք անհամբերությամբ սպասում ենք Ձեզ հետ մեր նոր համագործակցությանը Ձեր նոր պաշտոնավարման ընթացքում հատկապես այն բոլոր հարցերի շուրջ, որոնց այդքան վարպետորեն աջակցում էիք ԱՄՆ Սենատում ունեցած ծառայության տարիներին»,- նշվում է նամակում:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայության համար ամենաարդիական և կարևոր նշանակության խնդիրները, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովմանը, Սիրիայի հայ և այլազգի բնակիչների պաշտպանության ապահովմանը, և, իհարկե, Միացյալ Նահանգների վրա Թուրքիայի ճնշողական քաղաքականությանը վերջ դնելուն եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

 

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Վալդեսը կարող է տեղափոխվել «Արսենալ’
Հաջորդ հոդվածը‘Երջանիկ Աբգարյան. Ո՞վ է բռնելու այդ կապը կտրած իշխանավորի ձեռքը’