‘ԱՄՆ հատուկ ծառայությունները ձերբակալել են պետդումայի պատգամավոր Սելեզնյովի որդուն’

900

ԱՄՆ հատուկ ծառայությունները ապառիկային քարտերի և հաշվեհամարների հետ կապված մեքենայությունների կասկածանքով Մալդիվներում ձերբակալել են ՌԼԴԿ կուսակցությունից ՌԴ պետդումայի պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդուն՝ Ռոմանին: Ձերբակալվածի հայրը և Ռուսաստանի ԱԳՆ-ն դա անվանել են «առևանգում»:

ԱՄՆ իշխանությունների պարզաբանումների համաձայն՝ Ռոման Սելեզնյովը ձերբակալվել է անցած հանգստյան օրերին Մալդիվների մայրաքաղաք Մալեի օդանավակայանում և անմիջապես տեղափոխվել  Գուամ կղզի: Նա կասկածվում է բանկային խարդախությունների և համակարգիչներ «կոտրելու» միջոցով ապառիկային քարտերից գումարներ հափշտակելու մեջ:

Պատգամավոր Սելեզնյովը հայտարարել է, որ իր որդին չի կարող համակարգչահեն լինել, քանի որ հաշմանդամ է՝ երեք տարի առաջ պայթյունի հետևանքով նա ծանր վիրավորվել է Մարոկկոյում, իսկ համակարգչահենությունը, ըստ պատգամավորի, ոչ միայն մտավոր գործունեություն է ենթադրում, այլև շարժունակություն: Սակայն ԱՄՆ-ի մեղադրանքները վերաբերում են 2009 թվականից սկսած ժամանակաշրջանին, երբ Սելեզնյով-կրտսերը դեռ հաշմանդամ չէր. Մարաքեշում ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2011 թ. ապրիլին, մինչդեռ Սելեզնյովի դեմ Վաշինգտոնի նահանգում գործ էր հարուցվել դեռևս նույն տարվա մարտին:

The New York Times-ի տվյալներով՝ Սելեզնյովը անդրազգային Operation Open Market (Բաց շուկա գործողություն) հանցավոր խմբավորման անդամ է: Կազմակերպության անդամները ուրիշի անձնական և ֆինանսական տվյալներ են գնում և վաճառում  ցանցային ֆորումներում: 2012 թ. ձերբակալվեցին հանցախմբի 19 անդամներ, սակայն Սերեզնյովն անհասանելի մնաց ամերիկյան արդարադատության համար:

Երկուշաբթի Սելեզնյովին ծանոթացրել են իրեն ներկայացվելիք մեղադրանքի բովանդակությանը: Նրան տասնյակ տարիների ազատազրկում և մեծ տուգանք է սպառնում: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Պայթյուն Աֆղանստանում. Զոհվել են երեխաներ և ՆԱՏՕ-ի զինվորներ’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինա. Փոփոխություններ «Պատերազմի վետերանների կարգավիճակի մասին» օրենքում’