‘ԱՄՆ հատուկ ծառայությունները Ֆրանսիան և Իսրայելը համարում են կիբեռսպառնալիքի աղբյուր’

558

Ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով՝ Ֆրանսիան և Իսրայելը, Չինաստանի և Ռուսաստանի հետ մեկտեղ, արդյունաբերական լրտեսության գլխավոր աղբյուրներից են, երկուշաբթի հաղորդել է Washington Post-ը՝ վկայակոչելով ազգային հետախուզության ծառայության տվյալները: ԱՄՆ-ը բազմիցս Չինաստանին և Ռուսաստանին անվանել է գլխավոր կիբեռսպառնալիքներ: Դեռևս 2011 թ. նոյեմբերին Ազգային հակահետախուզության վարչությունը ԱՄՆ կոնգրեսին ուղղված զեկույցում տեղեկացրել էր, որ այդ երկու երկրների ցանցահենները ամենից ակտիվն են ջանում ինտերնետի միջոցով մուտք գործել պաշտպանված սերվերներ, որտեղ տնտեսական և պաշտպանական տեղեկատվություն է պահվում: Չինաստանը բազմիցս հերքել է այս մեղադրանքները և իր հերթին պնդել չինական համացանցում ամերիկյան կիբեռակտիվության մասին: Նոր փաստաթղթում ամերիկյան բիզնեսի հիմնական սպառնալիքը դարձյալ չինացի հակերներն են, որոնք ամերիկյան համակարգչային համակարգերում տեղեկություններ են որոնում էներգետիկայի, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ավիատիեզերական և ավտոմոբիլային ոլորտների վերաբերյալ: Ըստ փաստաթղթի՝ ևս երեք երկրներ՝ Ռուսաստանը, Իսրայելն ու Ֆրանսիան, կիբեռգրոհներ են իրականացնում տնտեսական լրտեսության նպատակով, սակայն նրանց ջանքներն աննշան են՝ Չինաստանի ակտիվության համեմատ,  հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘«Վորկուտինսկայա» հանքահորում պայթյունի հետևանքով ինը մարդ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Անակնկալ Ucom-ից՝ վերջին մեկ տարում ամուսնացած բոլոր նորապսակներին’