Ամերիկյան հետախուզությունը հրապարակել է իր զեկույցի գլխավոր եզրակացությունները Covid-19-ի ծագման վերաբերյալ։
Ամերիկյան հատուկ ծառայությունները չեն կարողացել ստույգ պարզել կորոնավիրուսի ի հայտ գալու պատճառները, սակայն եզրակացրել են, որ այն չի մշակվել որպես կենսաբանական զենք։
«Կարծում ենք, որ վիրուսը չի մշակվել որպես կենսաբանական զենք,- ասվում է զեկույցում։- Գործակալությունների մեծ մասը նույնպես համոզվածության ցածր մակարդակով եզրակացնում է, որ Covid-19 հարուցող վիրուսը, ամենայն հավանականությամբ, գենետիկ ինժեներիայի արդյունք չէ։ Սակայն երկու գործակալություններ կարծում են, որ դա պնդելու կամ հերքելու համար ապացույցները բավարար չեն»։
Կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածի դեմ է նաև ամերիկյան հետախուզության այն եզրակացությունը, թե չինացի պաշտոնյաները «վիրուսի վերաբերյալ գիտելիքների չեն տիրապետել մինչև Covid-19-ի նախնական բռնկումը»։
Փոխանցում է BBC-ն։