‘ԱՄՆ հետախուզություն. «Բոինգը» խփել են անջատականները, սակայն՝ սխալմամբ’

1040

ԱՄՆ հետախուզական ծառայությունների կարծիքով՝ Malaysia Airline ավիաընկերության  Boeing-777-ը, որ անցյալ շաբաթ աղետի ենթարկվեց Դոնբասի մոտ, սխալմամբ է խփվել ռուսաստանամետ անջատականների կողմից:

Ամերիկյան հատուկ ծառայություններն ինքնաթիռի կործանմանը Ռուսաստանի ուղղակի մասնակցության ապացույցներ չեն գտել: Սակայն, նրանց կարծիքով՝ ռուսաստանյան իշխանությունները «պայմաններ են ստեղծել», որոնք հանգեցրել են ուղևորատար ավիալայների կործանմանը՝ 298 զոհով:

Այս հայտարարությունները հնչել են Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ընթացքում, որը հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներն անցկացրել են անանունության պայմաններում:

Որպես Ռուսաստանի կողմից ստեղծված բարենպաստ պայման՝ մասնագետները նշել են անջատականներին ժամանակակից ՀՕՊ համակարգերից օգտվելն ուսուցանելը: Ճեպազրույցի մասնակիցների տվյալներով՝ օդանավը, ըստ երևույթին, խփվել է  «Բուկ» զենիթահրթիռային համալիրից արձակված «երկիր-օդ» կարգի հրթիռով: Ամերիկյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները հավելել են, թե իրենց հայտնի չէ՝ արդյո՞ք հրթիռի արձակման պահին ներկա են եղել ռուսաստանցի մասնագետներ, ինչպես նաև այն, թե «ով է սեղմել կոճակը»:

Ճեպազրույցի մասնակիցները պնդել են, որ Ռուսաստանը շարունակում է սպառազինել անջատականներին:

Երկուշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Հարֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բաց աղբյուրներից և գաղտնի տեղեկատվությունից տվյալներ ունի, որ մալայզիական ինքնաթիռն անջատականներն են խոցել: Հարֆի խոսքով՝ Ռուսաստանը ապատեղեկատվություն է տարածում Ուկրիանայի արևելքում հակամարտության ողջ ընթացքում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի արտգործնախարարի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ծեծի է ենթարկել 25-ամյա Արման Բաբիկյանը. Ականատեսների խոսքով՝ պատասխանատուն Թոխմախի Մհերի տղան է’