‘
ԱՄՆ Մեյն նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւի տեքստն ամբողջությամբ: Բանաձեւով դրա հեղինակները, Մեյնի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը կոչ են արել ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին` աջակցել ԼՂՀ ինքնորոշմանը:
Բանաձեւի տեքստը` ստորեւ` ըստ «Արմենպրես»-ի:
«Մենք` Մեյն նահանգի 126 օրենսդիր մարմնի ներկայացուցիչներս, հավաքվել ենք պարբերական նստաշրջանի առաջին նիստին եւ ամենայն հարգանքով ներկայացնում ու դիմում ենք Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին` հետևյալ խնդրանքով`
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը ցամաքով շրջափակված գոտի է Հարավային Կովկասում և պատմականորեն եղել է հայկական տարածք, բնակեցված է բացառապես հայերով և անջատվել է Հայաստանի կազմից Խորհրդային Միության դիկտատոր Իոսիֆ Ստալինի հրամանով 1921 թվականին և մտցվել նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանի վարչակազմ,
Հաշվի առնելով, որ 1988 թվականի փետրվարի 20-ին նշանավորվել է Լեռնային Ղարաբաղի ազգային ազատագրական շարժմանը սկիզբը,
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական շարժումը ոգեշնչել է Խորհրդային Միության ժողովուրդներին` պայքար սկսել հանուն իրենց իրավունքների և ազատությունների` օգնելով ժողովրդավարություն հաստատել միլիոնավոր մարդկանց,
Հաշվի առնելով, որ 1989 թվականին Միացյալ Նահանգների Սենատն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատության օրինական ձգտումներին,
Հաշվի առնելով, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդավարության հաստատման համաժողովրդական կամարտահայտության ժամանակ Լեռնային Ղարաբաղում ընտրված օրենսդիր մարմինը հայտարարել է ժամանակի միջազգային նորմերին և գործող օրենսդրությանը համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին,
Հաշվի առնելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել ԼՂ անկախությանը, և 1992 թվականի հունվարի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական չափանիշերին համապատասխան ընտրված օրենսդրությամբ պաշտոնապես հայտարարել է իր անկախության մասին,
Հաշվի առնելով, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ծավալել` ճնշելու ԼՂՀ ազգային-ազատագրական շարժումը, որն ավարտվել է 1994 թվականի հրադադարի պահպանման մասին համաձայնագրի ստորագրմամբ,
Հաշվի առնելով, որ, որպես միջնորդ երկիր, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին, Միացյալ Նահանգները իր տեսլականն է արտահայտել Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության վերաբերյալ, և որ Միացյալ Նահանգների անմիջական օգնությունը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության կարևոր աղբյուր է այդ հանրապետությունում հետպատերազմական վերականգնողական աշխատանքների համար,
Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այժմ ունի ժողովրդավար ազգ` իր ազատ շուկայական տնտեսությամբ, և կենսունակ քաղաքացիական հասարակություն, անցկացրել է մի քանի նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք բոլորն էլ միջազգային դիտորդների կողմից ազատ և արդար են որակվել,
Ուստի այժմ թող վճռված համարվի
Որ մենք` Ձեզ խնդրանքով դիմողներս, խրախուսում և աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի` որպես ազատ և անկախ ազգ զարգանալու, իր քաղաքացիների իրավունքները երաշխավորելու շարունակական ջանքերը, որոնք հատուկ են ազատ և անկախ հասարակությանը,
Որ մենք կոչ ենք անում և պահանջում ենք Միացյալ Նահանգների նախագահից և ԱՄՆ Կոնգրեսից` աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը, ժողովրդավար անկախությանը, դրա կառուցողական ներգրավվածությանը միջազգային հանրության ջանքերին` հասնելու ռազմավարական առումով կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդարացի և տևական լուծմանը,
Որ սույն բանաձևի համապատասխան օրինակները` պատճած ձևով վավերացված ԱՄՆ պետքարտուղարի կողմից, փոխանցվեն Միացյալ Նահանգների նախագահ հարգարժան Բարաք Հ. Օբամային, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանին և Մեյնի Կոնգրեսի պատվիրակության բոլոր անդամներին»:
Միացյալ Նահանգների Մեյն նահանգի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը ապրիլի 10-ին համատեղ բանաձեւով ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը: Բանաձեւը ներկայացրել է կոնգրեսական Սքոթ Համմանը (Հյուսիային Փորթլանդ)` կոնգրեսականներ Էյմ Գեթթայնի (Ուսթբրուք) եւ Ս. Գիդեոնի (Ֆրիիփորթ) օժանդակությամբ:
Մեյնը Միացյալ Նահանգների երրորդ նահանգն է արդեն, որ նման բանաձև է ընդունել:
2012 թվականի մայիսի 17-ին Ռոդ Այլնդի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ անկախությունը ճանաչող բանաձև: Իսկ 2012 թվականի օգոստոսի 6-ին Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատն է ընդունել նույնանման որոշում:
‘