‘ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ևս մի հանրապետական թեկնածու է ընդգրկվել ընտրապայքարի մեջ’

1032

‘

Ամերիկյան Hewlett-Packard տեխնոլոգիական ընկերության նախկին գործադիր տնօրեն Կառլի Ֆիորինան պաշտոնապես հայտարարել է Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին, հաղորդել է Reuters գործակալությունը:

«Այո, ես առաջադրվում եմ նախագահի պաշտոնում: Կարծում եմ, որ ես մյուսներից ավելի շատ եմ համապատասխանում այդ պաշտոնին, քանի որ հասկանում եմ, թե իրականում ինչպես է աշխատում տնտեսությունը»,- ասել է Ֆիորինան ABC News հեռուստատեսության հաղորդման ընթացքում:

60-ամյա Ֆիորինան HP-ի գործադիր տնօրենն է եղել 1999-2005 թթ.: Նրա ղեկավարությամբ HP-ն դարձել է  համակարգիչների՝ աշխարհում ամենախոշոր արտադրողը՝ Compaq ընկերության հետ միաձուլվելուց հետո:

Ֆիորինան հանդես է գալիս պահպանողական սոցիալական դիրքերից. նա դեմ է աբորտներին և համասեռական ամուսնություններին, ընտանեկան ավանդական արժեքների կողմնակից է: Քաղաքականության մեջ պաշտպանում է հարկային համակարգի պարզեցմումը և բիզնեսի ձեռքբերումների օգտագործումը կառավարական հաստատություններում: Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում անհայտ անձինք ներկել են Բուշ-կրտսերի անունով փողոցի ցուցանակը’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի նախագահն ի դեմս Մոսկվայում Հաղթանակի շքերթի՝ վտանգ է տեսնում’