‘ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը անցյալ տարի վաստակել են ավելի քան 477 հազար դոլար’

1126

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, անցյալ տարի վաստակել են 477 383 դոլար: Այդ մասին վկայում է ԱՄՆ առաջին ամուսնական զույգի հարկային հայտարարագիրը, որը ուրբաթ օրը հրապարակել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը: 2014 թ. ստացած եկամուտներից ամուսինները 93 362 դոլար հարկ են վճարել: Դաշնային եկամտահարկը ամերիկյան ղեկավարի համար կազմել է 19,6 %: Բացի այդ՝ Բարաք և Միշել Օբամաները, որ մինչև Սպիտակ տուն տեղափոխվելն ապրել են Չիկագոյում, 22,6 հազար դոլար էլ վճարել են որպես հարկ՝ Իլինոյսի նահանգին:

Անցյալ տարվա եկամուտների 14,8 %-ի չափով՝ 70 712 դոլար, ամուսինները փոխանցել են զանազան բարեգործական կազմակերպությունների: Ամենախոշոր նվիրատվությունը՝ 22 012 դոլար, Օբամա ամուսինները փոխանցել են «Ֆիշեր հաուս» հիմնադրամին, որն զբաղվում է ամերիկացի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու խնդրով:

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, հրապարակված հայտարարագրի համաձայն՝ անցյալ տարի վաստակել են 388 844 դոլար, որից հարկ են վճարել 90 506 դոլար: Բարեգործական նպատակների համար ԱՄՆ վարչակարգի ղեկավարի տեղակալն ու նրա կինը հատկացրել են ավելի քան 7,3 հազար դոլար:

Հարկային հայտարարագրերի ներկայացման վերջնական ժամկետը ապիլի 15-ն է:

Ի դեպ, 2008 թ., երբ Օբաման առաջին անգամ հաղթեց նախագահական ընտրություններում, նրա եկամուտը կազմել է 2,7 մլն դոլար: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայի նախագահը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությանը’
Հաջորդ հոդվածը‘Կարապետյանը՝ Շարմազանովին. ՀՀԿ-ն մինչև 1998թ. չի քննադատել Ցեղասպանության ճանաչման պետական քաղաքականությունը’