‘
ԱՄՆ իշխանությունները որսացել են այն տեղեկությունը, թե Իրանը հարձակում է նախապատրաստում Իրաքում ամերիկյան դեսպանատան վրա՝ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը ռազմական գործողություն սկսի Սիրիայի դեմ: Այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal-ը: Դեսպանատունը պիտի գրոհեն իրաքցիների զինված խմբավորումները, որոնք աջակցում են Իրանին: Համապատասխան հրամանը, ինչպես պարզաբանում է պարբերականը, ստացվել է իրանական էլիտար զորքերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության կողմից: Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ դեսպանատան վրա հարձակման է նախապատրաստվում նաև «Հեզբոլլահը»: Լիբանանյան գրոհայինների թիրախը կարող է դառնալԲեյրութում ԱՄՆ ներկայացուցչությունը:
Ամերիկյան իշխանությունները, պարբերականի տեղեկացմամբ՝ արդեն պատրաստվել են դիվանագետների տարհանմանը, որի համար կօգտագործեն Միջերկրական և Կարմիր ծովերում կենտրոնացված իրենց նավերը:
Իրանն առաջին անգամ չէ, որ սպառնում է վրեժ լուծել Սիրիայի համար: Մասնավորապես՝ Թեհրանը խոստացել էր «ոչնչացնել» Իսրայելը, եթե ամերիկացիները ռազմական գործողություն սկսեն Ասադի վարչակարգի դեմ: Ամերիկացիները զգուշանում են նաև ԱՄՆ-ում ապրող սիրիացիների վրեժից, նրանց նկատմամբ ՀԴԲ-ն ուժեղացրել է հսկողությունը, փոխանցում է lenta.ru-ն:
‘