‘
12 տարի առաջ այս օրը՝ 2001թ սեպտեմբերի 11-ին, «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մահապարտները գրավեցին մի քանի ինքնաթիռ և ուղղեցին դրանք Նյու Յորքում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ աշտարակների և պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի վրա: Ինքնաթիռները գրաված ահաբեկիչները մտադիր էին ևս մեկ ինքնաթիռ ուղղել նախագահական նստավայրի՝ Սպիտակ տան վրա, սակայն ինքնաթիռը կործանվեց Փենսիլվանիա նահանգի Շաքսվիլ քաղաքի մոտակայքում՝ չհասնելով թիրախին:
Պաշտոնական տվյալներով՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքում զոհվել է 2753 մարդ, Պենտագոնում՝ 184 մարդ, ևս 40 մարդ զոհվել է Փենսիլվանիայում՝ ինքնաթիռի կործանման հետևանքով:
2002թ-ից սեպտեմբերի 11-ը ԱՄՆ-ում նշվում է որպես «Հայրենասերի օր»:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԱՄՆ-ում կանցկացվեն հիշատակի արարողություններ: Հիշատակի հանդիսավոր արարողության ժամանակ կկարդան բոլոր զոհերի անունները, այնուհետև լռության րոպեով կհարգեն նրանց հիշատակը, իսկ երեկոյան Նյու Յորքի երկինքը կլուսավորեն երկու լուսային ճառագայթներ, որոնք այնքան ուժեղ կլինեն, որ առանց դժվարության տեսանելի կլինեն Մանհեթենից 50 կմ հեռավորությունից:
Նշենք նաև, որ օրվա կապակցությամբ ԱՄՆ իշխանությունունները խստացրել են անվտանգության միջոցառումները: Բարաք Օբամայի հրամանով՝ զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության մակարդակի: Պաշտպանության նախարարությունն էլ, իր հերթին, ուժեղացրել է ԱՄՆ-ի՝ աշխարհով մեկ սփռված դիվանագիտական ներկայացուցչությունների պահպանությունը, քանի որ ահաբեկիչները ևս ամեն տարի այս օրը ակտիվանում են՝ կազմակերպելով ահաբեկչական գրոհներ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:
‘