‘ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանելու իր դիվանագիտական անձնակազմերը’

699

Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում ԱՄՆ-ը ռազմական ուժեր է մոբիլիզացրել, որպեսզի շարունակվող հակաամերիկյան ցույցերի ընթացքում պատրաստ լինի պաշտպանելու իր դիվանագիտական անձնակազմերը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, որը շրջագայում է ասիական երկրներում:

ԱՄՆ-ը երկու գծանավ է ուղարկել Լիբիայի ափեր՝ Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա կատարված հարձակումից հետո, որն ավարտվեց ամերիկյան դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանությամբ: Երկու նավերն էլ սպառազինված են «Թոմագավկ» թևավոր հրթիռներով և կարող են օգտագործվել մարդկանց տարհանելու նպատակով: Ավելի վաղ Նահանգները  Լիբիա էին ուղարկել ծովային հետևակայինների՝ Բենգազիում իրենց դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանության նպատակով: Պաշտպանության նախարարը, սակայն, չի մեկնաբանել այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է բերում տարածաշրջան: «Կարծում եմ՝ մենք պետք է չկորցնենք զգոնությունը, քանի որ ցույցերն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին ևս, եթե ոչ ավելի երկար»,-ասել է Պանետան:

Ինչպես և Բենգազիի հյուպատոսարանի դեպքում, Վաշինգտոնը մտադիր էր ծովային հետևակայինների գումարտակ տեղափոխել նաև Սուդան՝ Խարթումում ամերիկյան դեսպանատան պաշտպանությունն ուժեղացնելու նկատառումով, սակայն աֆրիկյան այդ պետության իշխանությունները մերժել են ամերիկացիների առաջարկը: «Որքան հասկանում եմ՝ նրանք վստահ են, որ կարող են ապահովել մեր դեսպանատան և անձնակազմի անվտանգությունը,- նշել է Պանետան և հավելել,- ինչպես գիտեք՝ անվտանգության գլխավոր պատասխանատուն ընդունող երկիրն է»:

Լուսանկարը՝ REUTERS/Mohamed al-Sayaghi

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նոր փոխվարչապետ Աղաբեկյան. Վիտալի Բալասանյանն ու Բակո Սահակյանը իմ մարտական եւ գաղափարական ընկերներն են ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին’