‘
Ռուսաստանցի գործարար Գենդի Տիմչենկոյին ԱՄՆ-ում մեղադրում են փողերի լվացման մեջ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդում են լրատվամիջոցները:
Հետաքննություն է սկսել Նյու Յորքի արևելյան շրջանի դատախազությունը՝ ամերիկյան արդարադատության նախարարության համագործակցությամբ, գրում է The Wall Street Journal –ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին: Ըստ պարբերականի՝ քննիչները ենթադրում են, որ Տիմչենկոն կարող էր ԱՄՆ ֆինանսական համակարգի միջոցով տեղափոխել միջոցներ, որոնք կապ ունեն Ռուսաստանում կոռուպցիոն գործարքների հետ: Հետաքննությունը կապված է Gunvor Group-ի գործունեության հետ, որի հիմնադիրներից է Տիմչենկոն: Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ նավթափոխադրողը կասկածելի գներով հումք է ձեռք բերել Ռոսնեֆտից, ապա միջնոդների միջոցով փողերը լվացել է ԱՄՆ-ում:
Տիմչենկոյի դեմ գործը հարուցվել է «Հափշտակված ակտիվները վերադարձնելու նախաձեռնությունների» շրջանակներում: Նախկինում այն առնչվում էր միայն Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ներկայացուցիչներին: Gounvor-ը առաջին ռուսաստանյան ընկերությունն է, որ հայտնվել է այդ նախաձեռնության քննիչների ուշադրության կենտրոնում, նշում է ամերիկյան լրատվամիջոցը: Ի դեպ, թերթին հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ թե՛ Տիմչենկոն, թե՛ Ռոսնեֆտը և թե՛ ԱՄՆ իրավասու մարմինները:
Այս տարվա մարտին Տիմչենկոն հայտնվել էր ամերիկյան պատժացուցակում: Նրան արգելվել էր մուտքը այդ երկիր և նախազգուշացվել էր, որ եթե Միացյալ Նահանգների տարածքում հայտնաբերվեն նրա ակտիվները, ապա դրանք կսառեցվեն: Փոխանցում է echo.msk-ն:
‘