‘
ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում զինված ուժերի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ քիմիական զենքի գաղտնի փորձարկումներ անցկացնելու շուրջ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Գաղտնազերծված բանակային փաստաթղթերի համաձայն՝ 20-րդ դարի 50-60-ական թթ. նեղ մասնագիտական ազդեցություն ունեցող քիմիական նյութեր են տարածվել Միսսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքի աղքատ թաղամասերի վրա: Քիմիական նյութերի ներգործությունը նախապես թուլացվել է, որպեսզի այն ժամանակվա բժշկական գիտելիքների համապատասխան՝ փորձաճագարների դերում հայտնված բնակիչները չվնասվեն: Սակայն քաղաքի տանիքներից և ռազմական ավտոմեքենաներից ցրվող նյութերը ռադիոակտիվ են եղել և վտանգ են ներկայացրել մարդու առողջությանը: Փորձարկման համար պատասխանատու հրամանատարները տեղացիներին բացատրել են, թե փորձեր են անում Սենթ-Լուիսի համար արդյունավետ ծխածածկույթ ստեղծել՝ խորհրդային զորքերի հարձակման դեպքում այն պաշտպանելու նպատակով:
Եւ միայն 1994 թ. ամերիկյան կառավարությունը հանրությանը տեղեկացրեց, որ կենսաբանական և քիմիական զենքի զարգացման գաղտնի ծրագիր է իրականացրել: Սենթ-Լուիսի աղքատ թաղամասերի բնակիչներից շատերն այսօր տառապում են ուռուցքային հիվանդություններից և դա կապում են կեսդարյա վաղեմության փորձարկումների հետ: Միսսուրիից ընտրված սենատորներ Քլեր Մաքասքիլը և Ռոյ Բլանթն այս փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բացատրություններ են պահանջել Պենտագոնից:
‘