‘
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության և վերահսկողության հանձնաժողովը սկսել է հետաքննել 2010 թ.՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ, Ռուսաստանի հետ կնքված ուրանային պայմանագիրը:
Ինչպես պարզաբանել է հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարը՝ հանրապետական Դևին Նունյեսը, դեռևս որևէ կոնկրետ եզրակացություն անել չի նախատեսվում: «Բայց կա մի բան, որ մեզ անհանգստացնում է. արդյո՞ք եղել է ՀԴԲ հետաքննություն, արդյո՞ք եղել է արդարադատության նախարարության հետաքննություն: Եվ եթե այո, ապա ինչու կոնգրեսին այդ մասին չեն տեղեկացրել»,- հայտարարել է Նունյեսը:
Խոսքը վերաբերում է կանադական Uranium One ուրան արդյունահանող ընկերությունը ռուսաստանյան «Росатом» պետական ընկերության վերահսկողությանը հանձնելու գործարքին, որին հավանություն է տվել Օբամայի վարչակազմը, իսկ Հիլարի Քլինթոնն էլ այդ ժամանակ զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփն արդե կոնգրեսին կոչ էր արել սևեռուն ուշադրություն հատկացնել Մոսկվայի հետ ուրանային գործարքին և մեղադրել էր Քլինթոնին, որ նա Ռուսաստանին է հանձնել ամերիկյան ուրանի 20 %-ը:
Փոխանցում է BBC-ն:
‘