‘
ԱՄՆ-ում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալները շարունակվում են, և դրանց կենտրոնում են հայտնվում ոչ միայն կինոյի աստղերը, նշանավոր քաղաքական գործիչները, այդ ալիքը հասել է արդեն լրագրողներին: Ամերիկյան հանրահայտ հեռուստահաղորդավար Մեթ Լաուերն աշխատանքից հեռացվել է անպատշաճ պահվածքի մասին գործընկերոջ բողոքից հետո: Այդ մասին հաղորդել է NBC հեռուստատեսությունը, որը ԱՄՆ-ում հեռարձակվող երեք առաջատար հեռուստատեսություններից մեկն է:
«Մենք մանրակրկիտ բողոք ենք ստացել աշխատանքի ընթացքում Մեթ Լաուերի անպարկեշտ պահվածքի վերաբերյալ: Դա մեր ընկերության չափորոշիչների ակնհայտ խախտում է»,- հայտարարել է հեռուստատեսության ղեկավարությունը:
Հարկ է նշել, որ հեռուստաալիքի աշխատակիցների համար Լաուերի հեռացումն անակնկալ է եղել: Միևնույն ժամանակ, NBC-ում հավաստիացրել են, որ գործի մանրամասների հայտնվելու դեպքում հեռուստադիտողները կտեղեկացվեն այդ մասին, որքան էլ դրանք տհաճ լինեն հեռուստաընկերության համար:
Այդ հայտարարությունը պատասխան է Twitter-ում նախագահ Դոնալդ Թրամփի գրառմանը: Սպիտակ տան ղեկավարն ընդհանրապես առաջարկել է աշխատանքից ազատել NBC-ի ղեկավարությանը՝ ողջ կազմով: Իհարկե, ոչ թե սեռական ոտնձգությունների, այլ «կեղծ լուրեր» տարածելու համար:
Փոխանցում է euronews-ը:
‘