‘ԱՄՆ-ում վախճանվել է «Համբույր Թայմս-սքվերում» հանրահայտ լուսանկարի հերոսուհին’

2614

ԱՄՆ-ում 92 տարեկան հասակում վախճանվել է Գրետա Ֆրիդմանը, որը պատկերված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ արված ամենահայտնի լուսանկարներից մեկում: Լուսանկարի պաշտոնական վերնագիրն է «Ճապոնիայի դեմ Հաղթանակի օրը Թայմս-սքվերում», բայց այն ավելի հաճախ անվանում են պարզապես «Համբույր»:

Լուսանկարի հեղինակը Ալֆրեդ Էյզենշտադտն է, որը 1945 թ. օգոստոսի 14-ին Նյու Յորքի Թայմս-սքվեր հրապարակում անմահացրել է այն պահերը, երբ հայտնի դարձավ, որ Ճապոնիան կապիտուլացվել է: Այս լուսանկարում սպիտակ խալաթով բուժքրոջը գրկել ու համբուրում է մի նավաստի: Հետագայում Էյզենշտադտը պատմել է, որ այդ օրը Նյու Յորքի փողոցներում ցնծացող մարդիկ ամենուրեք գրկախառնվում ու համբուրվում էին, սակայն այդ նավաստին իր ուշադրությունը գրավել է նրանով, որ նա համբուրում էր իր ճանապարհին հանդիպած բոլոր կանանց:

Էյզենշտադտի լուսանկարած բուժքրոջ և նավաստու ինքնությունը ստուգապես ճշտվել է միայն գերթե կես դար անց: Պարզվել է, որ այն ժամանակ 21-ամյա Գրետա Ֆրիդմանը բուժքույր է աշխատել: Լսելով, որ պատերազմն ավարտվել է, նա մյուսների հետ դուրս է եկել փողոց, որտեղ անակնկալ նրան գրկել ու համբուրել է ոմն նավաստի:

Life ամսագրում հրապարակված լուսանկարը շրջել է ողջ աշխարհով  և դարձել լուսանկարչության պատմության մեջ ամենահայտնիներից մեկը:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն պատասխանել է Չավիի հայտարարությանը’
Հաջորդ հոդվածը‘Führer-իզմն էլ պոզով-պոչով է լինու՞մ’