‘ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակման գործով 2 թուրք է ձերբակալվել’

1585

ԱՄՆ-ում երկու թուրք քաղաքսցի է ձերբակալվել անցած ամիս, նախագահ Էրդողանի այցի օրերին, Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վաշինգտոնի ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվածներից մեկը Սինան Նարինն է` Վիրջինիայից, մյուսը` Էյուփ Յըլդըրըմը Նյու Ջերսիից. երկուսն էլ մեղադրվում են Էրդողանի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար:

Պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում` ձերբակալվածները Էրդողանի աջակիցնե՞րն են, թե՞ նրա անվտանգության աշխատակիցները:

Foreign policy պարբերականը, հղում անելով Վաշինգտոնում գործող Washington Hatti թուրքալեզու կայքին, նշում է, թե Յըլդըրըմը Նյու Ջերսիում գործող շինարարական մի ընկերության սեփականատեր է և, ըստ հաղորդումների, ծեծկռտուքի ամենաակտիվ մասնակիցներից մեկը:

BuzzFeed News-ին տված պարզաբանման մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյան նշել է. — «Մենք հաստատակամ ենք պատասխանատվության ենթարկել մայիսի 16-ին տեղի ունեցած այդ մտահոգիչ բռնության մեղավորներին, և հիմա, երբ կան առաջադրված մեղադրանքներ, պետդեպը կկշռադատի ձերբակալվածների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորությունները, որոնք կլինեն առաջադրված մեղադրանքներին համաչափ»:

 

Նախորդ հոդվածը‘Հինգ երկրաշարժ՝ հինգ օրվա ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները կանդրադառնան ԼՂ խնդրին’