‘
18 երեխաների մայր, 44-ամյա ամերիկուհի Քելի Բեյցը սպասում է իր 19-րդ զավակի ծնունդին: Քելին իր ամուսնու՝ Ջիլի հետ ապրում է ԱՄՆ-ի Թենեսի նահանգում: Այս ամերիկուհուն, առանց չափազանցության, կարելի է եզակի մայր համարել: Իր ողջ ամուսնական կյանքի ընթացքում Քելին ոչ մի անգամ երկվորյակ չի ունեցել, նրա բոլոր երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով, ընդ որում՝ իր զավակներից 14-ին Քելին ծննդաբերել է առանց որևէ ցավազրկման:
«Ինձ համար հղի լինելը շատ ավելի սովորական ու հաճելի վիճակ է, քան ցանկացած մեկ ուրիշը»,- ասել է հերոսուհի մայրը, որը, փաստորեն, իր ողջ կյանքի ընթացքում հղիություն է տանում:
Քելիի և Ջիլի առաջնեկը 22 տարեկան է, իսկ ամենափոքր զավակը՝ 11 ամսական: Ընտանիքը ապրում է 5 ննջասենյակ ունեցող ընդարձակ առանձնատանը: Բեյցերը տեղաշարժվում են 15 և 7 ուղևորի հնարավորություն ուեցող «Վեն» տեսակի 2 մեքենաներով:
Բեյցերի ընտանիքը խիստ կրոնական կանոններով է ապրում: Ամուսնությունից առաջ սեռական կապի մեջ մտնելը կամ նույնիսկ համբուրվելը ծանր մեղք է համարվում: Ամուսինները հրաժարվել են հեռուստացույցից և ինտերնետից:
‘