‘ԱՄՆ Պետդեպարտամենտը վերստին կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներին’

873

ԱՄՆ Պետդեպարտամենտը վերստին Հայաստանին կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներին: Ամենօրյա ճեպազրույցում այդ դիրքորոշումը հրապարակել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջ. Փսակին` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի Երևանում արած հայտարարությունը:

«Ավելի վաղ մենք դեսպան Ուորլիքի (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ) և այլոց միջոցով համապատասխան մարմիններին կոչ էինք արել Ադրբեջանի կառավարությանը վերադարձնել երկու կալանավորներին: Կողմերը, որպես կանոն, նախկինում եղանակներ էին գտնում կալանավորներին վերադարձնելու համար` որպես մարդասիրական ժեստ, և նման ժեստերը միշտ թուլացնում էին լարվածությունն ու ամրապնդում վստահությունը կողմերի միջև. նա (Վիկտորիա Նուլանդը – խմբ.) հենց դա է նկատի ունեցել», — նշել է Փսակին:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ի հետ զրույցում կոչ էր արել վերադարձնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Նրա ասելով, նման մարդասիրական քայլը  կարող է նպաստել լարվածության թուլացմանն ու կողմերի միջև վստահության ստեղծմանը:

Պաշտոնական Ստեփանակերտն, իր հերթին, անընդունելի էր համարել ղարաբաղյան բանտում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի կոչերը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով, Արցախի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև դիվերսիոն խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովն ահաբեկչական գործողություններ են իրականացրել ԼՂՀ տարածքում: Հետագայում նրանց նկատմամբ իրականացվել է թափանցիկ դատավարություն, որին ներկա են եղել թե ԶԼՄ-ների, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Դատարանի վճիռը անհրաժեշտ է հարգել», — կարծում է Բաբայանը:

Նախորդ հոդվածը‘Դատավորներ են նշանակվել’
Հաջորդ հոդվածը‘Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ` Պրահայում’