‘ԱՄՆ պետդեպ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի’

822

«ԱՄՆ Պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնում հուլիսի 31-ից Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում իրավիճակի սրման առնչությամբ: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին և բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և հարգել հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագիրը»: Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը, այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյն Փսակին` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակին և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` օգոստոսի 8-9-ը Սոչիում Ռուսաստանի ղեկավարի հետ կայանալիք հանդիպմանը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պատասխան միջոցներն ու հետագա բռնությունը միայն կբարդացնեն խաղաղ կարգավորման հնարավորությունը: Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկը, հավատարիմ ենք մնում բոլոր կողմերին աջակցության տրամադրմանը` ղարաբաղյան հակամարտության հաստատուն կարգավորման հասնելու գործում», — նշել է Փսակին:

Նա ընդսմին նշել է, որ Ռուսաստանի ղեկավար Պուտինի հետ ՀՀ և ԱՀ ղեկավարների առաջիկա հանդիպման վերաբերյալ քննարկում չի եղել, սակայն ԱՄՆ ավանդաբար պաշտպանել է այդ հարցի կարգավորման շուրջ երկխոսության հաստատմանը նպատակաուղղված հանդիպումները: «Ռուսաստանը նույնպես մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրման առնչությամբ», — նշել է նա:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա ԱՄՆ-ում, Փսակին նշել է. «Ես պաշտոնական տեղեկատվություն չունեմ ԱՄՆ-ում նման հանդիպում ծրագրելու վերաբերյալ: Այդ մասին մեզ չեն հաղորդել: Բայց ես կարող եմ ստուգել այդ տեղեկատվությունը: Հնարավոր է` դրանք սովորական բամբասանք են»: 

Նախորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա լարվածությամբ’
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում այս գիշեր կրակոցներ չեն հնչել’