‘ԱՄՆ Պետդեպ. Կտտանքները և անմարդկային վերաբերմունքը շարունակում են գերիշխել ՀՀ իրավապահ մարմինների աշխատանքում ‘

709

Չնայած այն բանին, որ Հայաստանը մի շարք բարեփոխումներ է իրականացրել արդարադատության համակարգում` կտտանքները և անմարդկային վերաբերմունքը շարունակում են գերիշխել Հայաստանի իրավապահ մարմինների աշխատանքում: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության աշխարհի մի շարք երկրներում՝ մարդու իրավունքների վերաբերյալ հրապարակված ամենամյա զեկույցում: Զեկույցը հրապարակվել է նախօրեին՝ Վաշինգտոնում:

Զեկույցում նշվում է, որ ոստիկանները բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ ինչպես ձերբակալելիս, այնպես էլ՝ հարցաքննության ժամանակ: «Ոստիկանության բաժանմունքներից քննչական մեկուսարան տեղափոխված քաղաքացիների մեծ մասը հաղորդում է, որ իրենք բռնության են ենթարկվել`խոստովանական ցուցմունքներ ստանալու նպատակով»,- ասվում է զեկույցում: «Մարտի 13-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացրել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետազոտությունների արդյունքներ, որոնք վերաբերում են անչափահասների նկատմամբ վատ վերաբերմունքին և նրանց նկատմամբ բռնության գործադրմանը»,- նշում է զեկույցում:

ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, այդ խնդրին է անդրադարձել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր ամենամյա զեկույցը ներկայացնելիս, որտեղ նույնպես նշվում է, որ ոստիկանության քննչական մարմինները խոստովանական ցուցմունքներ ստանալու համար շարունակում են կոշտ, անմարդկային վերաբերմունք դրսևորել անձանց նկատմամբ:

ԱՄՆ Պետդեպարտամենտն ուշադրությունը հրավիրել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի և բռնության առկայության վրա: «Չնայած ՀՀ ՊՆ-ում ճնշումների վերաբերյալ հստակ տվյալների բացակայությանը` տարբեր զինծառայողներ դիմել են տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների` բողոքելով, որ իրենց նկատմամբ բռնությունը համակարգային բնույթ է կրում: Զինվորների ընտանիքները պնդում են, որ կոռումպացված պաշտոնյաները վերահսկում են զորամասերը, իսկ մարդու իրավունքների դիտորդները և օմբուդսմենը հաղորդում են, որ կառավարությունը շարունակում է բանակ զորակոչել առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների»,- նշվում է զեկույցում:

 

Նախորդ հոդվածը‘ ՀՅԴ-ական պատգամավոր. Հարկավոր է պատասխաններ տալ զոհերի հարազատների ու մերձավորների հարցերին’
Հաջորդ հոդվածը‘Յանուկովիչ. Զարմանում եմ, որ Պուտինը լռում է (թարմացված)’