‘ԱՄՆ պետդեպ. Վրաստանում արդար ընտրությունները կանդրադառնան եվրատլանտյան ինտեգրման վրա’

1012

ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Թոմաս Մելիայի խոսքերով՝ եթե դիտորդները Վրաստանում ընտրությունների միջավայրն արդար ճանաչեն, դա ուղղակիորեն կանդրադառնա երկրի եվրատլանտյան ինտեգրացիայի գործընթացի վրա:  «Մեր այցը անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ  այցի յուրօրինակ շարունակությունն է: Ինչպես այն ժամանակ, այս անգամ ևս բոլոր հանդիպումներում մենք ընդգծում ենք, թե ինչ մեծ նշանակություն ունեն ժողովրդավարական ընտրական գործընթացը, ժողովրդի կամքն արտացոլող ընտրությունները: Թույլ տվեք հիշեցնել, որ 1990 թ. ստորագրված կոպենհագենյան փաստաթուղթը, որով ԵԱՀԿ բոլոր երկրներն ընդունեցին, որ պարբերաբար անցկացվող ազատ և դեմոկրատական ընտրություններում արտահայտված ժողովրդի կամքը ցանկացած իշխանության և բոլոր կառավարությունների լեգիտիմության հիմքն է»,- ասել է Մելիան: Նա նշել է, որ այս շաբաթվա ընթացքում ամերիկյան պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվիստների հետ: «Բոլոր հանդիպումներում մենք ընդգծել ենք, որ առաջիկա ընտրությունները Վրաստանում որոշակի հնարավորություն են՝ ցույց տալու, որ երկիրը շարունակում է զարգանալ, և ելնելով դրանից՝ շարունակում է հետևել եվրատլանտյան ուղեգծին: Եթե տեղական և միջազգային դիտորդները Վրաստանում ընտրական միջավայրն ընկալեն որպես արդար և ասեն, որ մենք գործ ունենք օրենքի գերակայության, թափանցիկության, մամուլի ազատության հետ, ապա նրանց եզրակացություններն ուղղակի ազդեցություն կունենան Վրաստանի եվրատլանտյան ձգտումների վրա»,- հայտարարել է Մելիան, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Անդրանիկ Թեւանյան. Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիր է դառնում իշխանափոխության իրականացումը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիա. Ընդդեմ մզկիթի, ընդդեմ ոստիկանության, ընդդեմ կառավարության’